«Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին Հայաստանում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար հիմքը և՛ Քոչարյան-Սարգսյանի, և՛ Փաշինյանի ժամանակաշրջանում, վստահությունն է հայկական պետության բացարձակ անվտանգության նկատմամբ, գրում է Russiancouncil.ru-ն։ Այդ հիմքը պարադոքսալ է թվում` հաշվի առնելով ինչպես Հարավային Կովկասում վերջին տարիների իրադարձությունները, այնպես էլ` պաշտոնական Երևանի հայտարարությունները երկրի վրա կախված էկզիստենցիալ սպառնալիքների մասին։ Սակայն Հայաստանի իշխանությունների խոսքի ու գործողությունների բազմամյա ամենօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր արտաքին քաղաքական որոշման զրոյական կետը «հայկական պետության հետ ոչ մի վատ բան չի լինելու» գաղափարն է։
Այդ գաղափարը շատ որոշակի հիմքեր ունի, որոնք ինչպես պատմական են, այնպես էլ արդիական։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր նորանկախության առաջին իսկ օրերից իր աշխարհաքաղաքական նշանակությանն անհամաչափ աջակցություն ստացավ մի քանի համաշխարհային ուժային կենտրոններից։
Ներկայումս տնտեսական կապերի ամրության շնորհիվ Հայաստանը մնում է ռուսական ազդեցության գոտում, անկախ նրանից, թե ինչպես և ինչով են նրան հրապուրում Փարիզը, Բրյուսելը և Վաշինգտոնը։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ապահովում է բաց շուկա Ռուսաստանի Դաշնությունում հայկական ապրանքների, կապիտալի և, ամենակարևորը, աշխատուժի համար (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր յոթերորդ չափահաս քաղաքացին վաստակում է Ռուսաստանում), հետևաբար այդ ամենը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման երաշխիքն է։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը հայկական արտադրանքի համար ռուսականի հետ համեմատելի վաճառքի շուկա չեն տրամադրի, և, իհարկե, թույլ չեն տա Հայաստանի քաղաքացիներին ազատ աշխատել իրենց տարածքներում։
Ռազմական ոլորտում Հայաստանը, ելնելով իր օգուտներն առավելագույնի հասցնելու ցանկությամբ, շատ հեռուն չի գնա ռուսական ռազմական ուժերի հետ կապված։ Բայց հանրապետությունը կշարունակի անտեսել ՀԱՊԿ գործունեությունը և մեծ հավանականությամբ կսահմանափակի ռուս սահմանապահների աշխատանքը իր սահմաններում։
Հասարակական հարթությունում մենք կշարունակենք դիտարկել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները դժգոհություններ հորինում Ռուսաստանի դեմ և սադրիչ հայտարարություններ անում` ակնկալելով ռուս քաղաքական գործիչների կտրուկ արձագանքը, բայց դա ընդամենը արևմտյան «պատվերի» մի մասն է։ Եթե մի կողմ թողնենք էմոցիաները, ապա կարելի է պնդել, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ է պետք եղել, կա ու կլինի, քան Արևմուտքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը