Կառավարությունը շարունակում է օգտագործել քաղցկեղածին ազբեստը․ ՊՆ-ն և ԱԱԾ-ն գնումներ են կատարել Արամ Սարգսյանի ընկերությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հետք»-ը գրել է․
«Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել։ Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ: 66 երկրում արգելված քաղցկեղածին ազբեստը Հայաստանում ամենուր է։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։
Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:
Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։
Հայաստանում ազբոթիթեղների արտադրություն իրականացնում է «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում։ Ընկերության բաժենմասում 23 % մասնակցություն ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Մնացյալ բաժնեմասը ընկերության տնօրեն Տարոն Պետրոսյանի հարազատների անուններով է ձևակերպված։
Արամ Սարգսյանը եվրոպական կողմնորոշմամբ հասարակական գործիչ է և իր հարցազրույցներում քարոզում է եվրոպական չափանիշներ, խոսում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին։ Այդ նույն ԵՄ-ում արգելված է ազբեստի կիրառությունը։
«Կավաշեն» ՍՊԸ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մասնակցել է պետական գնումների և տարբեր պետական մարմինների ազբոթիթեղ վաճառել։
Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը «Կավաշեն» ՍՊԸ-ի հետ ազբոթիթեղի գնման 3 պայմանագիր է կնքել։ 2018թ․ հունիսի 1-ի պայմանագրով 4000 ազբոթիթեղ է գնել «Կավաշեն» ՍՊԸ-ից՝ վճարելով 11,4 մլն դրամ։
2019թ․ դեկտեմբերին ՊՆ-ն ընկերությունից ձեռք է բերել 1000 հատ ազբոթիթեղ՝ վճարելով 2 մլն 880 հազար դրամ։
2021թ․ փետրվարին նույն քանակով՝ 1000 հատ ազբոթիթեղ է ձեռք բերել՝ 2 մլն 890 հազար դրամ ընդհանուր արժեքով։
ՊՆ-ին խնդրեցինք պարզաբանել, թե որտեղ է օգտագործվել այդ ազբոթիթեղը։ ՊՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Տիգրան Ղարիբյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խորհրդային տարիներից ժառանգած զինավաններում առկա որոշ շենք-շինությունների տանիքները ծածկված են ազբոթիթեղներով։ «Վերոնշյալ զինավանների շենք-շինությունների տանիքները մինչև պլանով նախատեսված ժամանակահատվածում կապիտալ վերանորոգմամբ մետաղական թիթեղներով փոխարինումը, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել ազբոթիթեղ վերջին անգամ 2021թ․-ին»։
2022թ․-ից մինչ օրս ՊՆ-ն ազբոթիթեղ ձեռք չի բերել։
Ազբոհերձաքարի գնման 2 պայմանագիր «Կավաշեն» ՍՊԸ-ն կնքել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ։ Առաջինը՝ 2018-ի հունիսի 4-ին։ Ընկերությունը ԱԱԾ-ին 300 ազբոթիթեղ է մատակարարել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 885 հազար դրամ։
2022թ․-ի փետրվարին ԱԱԾ-ն 300 ազբոհերձաքարի համար վճարել է 945 հազար դրամ։
«ՀՀ ԱԱԾ-ն տարբեր տարիների ընթացքում փոքր խմբաքանակներով ձեռք է բերել ազբոթիթեղ՝ ծառայությանը պատկանող շինությունների (պահեստներ, օժանդակ շինություններ և այլն) գոյություն ունեցող ազբոթիթեղային տանիքները վերանորոգելու (վնասված մասերը փոխարինելու) համար։ ՀՀ ԱԱԾ-ն վարչական և բնակելի (զորանոցներ, սպայական տներ և այլն) շենքերի շինարարության և վերանորոգման ընթացքում ազբեստ պարունակող շինանյութ չի օգտագործում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
2020թ․ հոկտեմբերին 392 հատ ազբոթիթեղի ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն։ Պայմանագրի արժեքը կազմել է 590 000 դրամ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն 100 % պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, հեռահաղորդակցական բնույթի ծառայություններ է մատուցում ՀՀ ամբողջ տարածքում։
Պետական ՓԲԸ-ին են վերապահվել ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը ստեղծելու, պահպանելու և շահագործելու գործառույթները:
Արամ Սարգսյանի հետ այս թեմայով զրուցել չհաջողվեց․ վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին, չարձագանքեց նաև մեր տեքստային հաղորդագրությանը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում