Ծանոթ ու միաժամանակ անհայտ... կարկին
ՖՈՏՈՄենք բոլորս դպրոցում երկրաչափության կամ նկարչության ժամերին շրջաններ և աղեղներ գծելու համար օգտվել ենք կարկինից: Կարկինը (հին հայերենում օգտագործվել է նաև կակակն անվանումը, լատիներեն circulus-շրջան, շրջանակ) շրջան գծելու ինչպես նաև տարածությունները չափելու համար՝ մասնավորապես քարտեզի վրա, նախատեսված գործիք է։ Կարկինը սովորաբար պատրաստված է լինում մետաղից և կազմված է լինում 2 ոտքերից, որոնք իրար հետ կապված են։
Սովորաբար ոտքերից մեկի ծայրին լինում է ասեղ, իսկ մյուս ծայրին ՝ մատիտ կամ գրաֆիտի կտոր։ Չափելու համար նախատեսված կարկինի 2 ծայրերին էլ ասեղներ են լինում։ Կարելի է վստահորեն ասել, որ կարկին, ինչպես նաև հավասարապես քանոն օգտագործվել են դեռևս հնում՝ մոտ երեք հազար տարի առաջ: Այդ մասին են վկայում հին Բաբելոնում և Ասորեստանում կառուցված շենքերն ու պահպանված նկարազարդումները: Այդ ժամանակաշրջանի գրավոր արձանագրություններում տողերն ու օղակները այնքան կանոնավոր են, որ առանց կարկինի ու քանոնի հազիվ թե հնարավոր լիներ դա անել:
Կարկինի պատմությունը սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները պատմում են, որ այս սարքը հորինել է Դեդալոսի բարեկամ Թալոսը: Թալոսը միացնելով հավասար երկարության երկու ձող հորինել էր մի սարք, որը թույլ էր տալիս նկարել բացարձակապես կատարյալ շրջանակ: Կարելի է ենթադրել, որ Թալոսը իր բարեկամից էր ժառանգել գյուտարարական հատկությունը, քանի որ ըստ լեգենդի, հենց Դաեդալոսն էր իր որդի Իկարոսի հետ միասին մտածել և իրագործել թևերի օգնությամբ երկինք թռչելը: Ֆրանսիայում գտնվող մի հնագույն պատնեշի պեղումների ժամանակ հնագետները գտել են կարկին, որի տարիքը թվագրվել է մոտ երկու հազար տարվա հնության: Հին հունական Պոմպեյ քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են բրոնզե կարկիններ, որոնց տարիքը մի փոքր պակաս է եղել՝ մոտ 1900 տարեկան: Իր ամբողջ պատմության ընթացքում կարկինը եղել է մի քանի տեսակների. նկարչական (գծագրական), որը նախատեսված է 2-ից 80 մմ տրամագծով շրջաններ և աղեղներ նկարելու համար, կոր ոտքերով՝ ծավալային գործեր կատարելու համար, հավասարաչափ՝ լայնական մեծությունը չափելու համար, բաժանարար (նշագրումային)՝ չափերի մեխանիկական փոխանցման համար: Նշենք նաև, որ քչերը գիտեն այն մասին, որ կարկինը օգտագործվում է ոչ միայն երկրաչափության, քարտեզագրության և գծագրության մեջ, այլ նաև անգամ բժշկությունում: Բժիշկները կարկիններ են օգտագործում գանգը, ազդրերը և մարմնի այլ մասերը չափելու նպատակով: Այդ նպատակներով օգտագործվում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր բժշկական կարկիններ:
Իսկ օրինակ այսպես կոչված կարկին-կալիպերի օգնությամբ կարելի է անգամ չափել ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը: Բժշկության մեջ օգտագործվում է նաև Վեբերի կարկինը, որը նախատեսված է դիսկրիմինացիոն զգայնության որոշման համար, այսինքն որոշվում է մարդու զգայնության շեմը: Հետաքրքիր է այն, որ ԳԴՀ-ի զինանշանին պատկերված է կարկին, որը դրանով խորհրդանշում է մտավորականությանը։
Կ․ Խաչիկյան