Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ և 6:5 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ, իսկ 1/8-ում ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեին։ Կիսաեզրափակչում Մալխասը զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Ավելի վաղ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:
Աղբյուր՝ armsport.am