Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը․ Էդուարդ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարանցիկ ճանապարհների խնդիրն ապագային թողնելը ձեռնտու է Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին, կարծիք է հայտնել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ակնհայտ է,որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։ Ինչու՞։ Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետեւ՝ Արեւմուտքի հետ։ Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։
Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ-ն՝ Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։
Հետեւաբար, Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։
Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը՝ սկզբում՝ Վրաստանում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանում։
Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացում Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացում՝ Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։