Հունիսի 12-ի գործը փլվելու է վարչախմբի գլխին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հունիսի 12-ի բախումների գործի քննությունը։ Դատարանը կալանքից ազատել է գործով չորս մեղադրյալի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվել է, ընտրվել է վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։
Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք էր առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում էր խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության։ Նրանք մեղքը չեն ընդունում։
Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։
Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։ Այս գործն էլ, ինչպես ցանկացած այլ քաղաքական ենթատեքստով գործ, ի վերջո, փլուզվելու է և այդ փաստը հասկանում է նույնիսկ իշխանությունը։ Այդուհանդերձ, խնդիր է դրված հնարավորինս երկար տանջել ընդդիմադիրներին, պահել ամիսներ շարունակ կալանքի տակ, զզվեցնել, որպեսզի չշարունակեն վարչախմբի դեմ իրենց պայքարը։
Ուշագրավը, դատավորի որոշումն էր, որ հակասում է դատախազների պահանջներին։ Ըստ էության, դատարանն էլ հասկանում է գործի հեռանկարայնության բացակայությունը, փորձում է ձեռքերը լվանալ փաշինյանական հերթական ապօրինությունից։
Նարինե Հունանյան