ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Կուրսկի մարզում տիրող իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան NEWS.ru-ի հարցման։
Ռազմական դաշինքը խոստացել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն խնդրելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա ռեժիմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ քարտուղարությունը սահմանված ժամկետում կիրականացնի նման դեպքում նախատեսված բոլոր ընթացակարգերը», - նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունում։
Կազմակերպությունը հիշեցրել է, որ ռազմական օգնության տրամադրման հարց կարող է առաջանալ միայն անդամ երկրի պաշտոնական խնդրանքի դեպքում։ Սակայն մինչ օրս Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել՝ կապված Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի հետ։
Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել օգոստոսի 6-ին։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է անցել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք, գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաև «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։