Երկարատեւ անջատումների եւ տեխնիկայի խափանման ժամանակ մենք փոխհատուցում ենք վնասը. «ՀԷՑ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե Երեւանում էլեկտրաէներգիան անջատվում է չորս եւ ավելի ժամով, մեր ընկերությունը տուգանք է վճարում։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա նշել է, որ 2025թ. այդ ժամանակը կկրճատվի մինչեւ երեք ժամի, իսկ 2028թ.՝ երկու ժամի։
Նրա խոսքով՝ պլանային անջատումների դեպքում երկարատեւ անջատումը չի կարող ավելին լինել նշված ժամանակից, իսկ վթարային անջատման դեպքում այդ ժամկետը անհնար է նախատեսել։ «Եթե էլեկտրաէներգիայի անջատումների հետեւանքով վնասվել է կենցաղային տեխնիկան, ապա այն 10 օրվա ընթացքում վերականգնվում է, եթե անջատումը տեղի է ունեցել ընկերության պատճառով։ Ընդ որում՝ բաժանորդները կարող են հայտերը լրացնել օնլայն»,- ավելացրել է Դարբինյանը։
Նա նշել է, որ ընկերությունը ցանցերն ընդունել է 80 տոկոս ֆիզիկական եւ բարոյական մաշվածության վիճակում։ «1990-ականներից մինչեւ 2015թ. չեն իրականացվել էական ներդրումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 200 մլն դոլար։ Համեմատության համար. մեր ներդրումները 2016թ եւ 2024թ. ներառյալ կկազմեն 680 մլն դոլար։ Եթե կորուստների մակարդակը 2016թ. կազմում էր 14 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը իջել է՝ 6,4 տոկոս, ինչը թույլ է տալիս ապահովել ամենամյա եկամուտ 30 մլն դոլար ծավալով ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգում»,- ասել է Կարեն Դարբինյանը։
Նա ընդգծել է, որ դա, իր հերթին, թույլ կտա չբարձրացնել սպառողների սակագնային բեռնվածությունը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության պոտենցիալը մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան սպառման պոտենցիալը. եթե սպառման ծավալները կազմում են մոտ 1 000 ՄՎտ, ապա արտադրության պոտենցիալը կազմում է 2 000-3 000 ՄՎտ։