Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլատես մեթոդի մարմնամարզություն
ՖՈՏՈՄարմնամարզության՝ ֆիթնեսի այդ տեսակի անունը գալիս է հենց դա ստեղծողից՝ Ջոզեֆ Հյուբերտ Պիլատեսից։ Պիլատեսը վարժությունների ամենահին հավաքածուն է: Դրանք ստեղծվել են մոտ 100 տարի առաջ։ Այս վարժությունները հիմնված են բավականին պարզ և ոչ բարդ, բայց, այնուամենայնիվ, արդյունավետ վարժությունների վրա, որոնք ուղղված են ռիթմիկ և ճիշտ շնչառությանը:
Ջոզեֆ Պիլատեսը ծնվել է 19-րդ դարի վերջին Արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի շրջակայքում։ Այն ժամանակ երեխաներն ամենուր տառապում էին այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ասթման, ռախիտը, ռևմատիկ տենդը և Ջոզեֆը չէր խուսափել դրանից: Նրա հայրը մարմնամարզիկ էր և որոշեց որդուն ծանոթացնել ֆիզիկական վարժություններին, որպեսզի բարելավի առողջությունը: Շնորհիվ իր համառության, ամենօրյա վարժությունների աշխատանքն արդյունք տվեց և թույլ և հիվանդ երեխայից Ջոզեֆն արդեն 15 տարեկանում գեղեցիկ մկաններով առողջ պատանի էր, ում բոլորն էին նախանձում: Երեսուն տարեկանում Պիլատեսը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ փորձեց իր ուժերը դասավանդելու գործում։
Նրա կյանքի նշանակալից իրադարձություններից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի վիրավոր զինվորների վերականգնմանն օգնելն էր: Նրանց հետ աշխատելիս նա հետևում էր մարզումների դինամիկային և իր մեթոդաբանությունը լրացնում վարժություններով, որոնք նպաստում են մարմնի թուլացած ֆիզիկական վիճակի վերականգնմանը։ Նրա շատ մեթոդաբանական սկզբունքներ, որոնք ի հայտ եկան այդ ժամանակաշրջանում, հետագայում դարձան Պիլատես վարժությունների համակարգի հիմքը։ Տեղափոխվելով ԱՄՆ Ջոզեֆը բացեց իր առաջին դպրոցը, որտեղ սովորեցնում էր ֆիզիկական պատրաստվածության նոր համակարգի հիմունքները։ Դպրոցը մեծ հաջողություն ուներ, թատրոնի և կինոյի աստղերը, պարողները և այն ժամանակվա հայտնի մարդիկ էին լինում նրա մարզադահլիճում: Պիլատեսը նրանց սովորեցնում էր ճիշտ շնչել, ձգվել և տարբեր ֆիզիկական վարժություններ կատարել ինքնուրույն կամ օգտագործելով այն սարքավորումները, որոնք նա անձամբ էր մշակել: Հետագայում նա համալրեց իր համակարգը Թայ Չիի դպրոցի տարրերով, որոնք փոխառել էր Չինաստանից ներգաղթյալների հետ շփման ժամանակ։ 20-րդ դարի քառասունականներին Նյու Յորքում Պիլատես անունը լայնորեն հայտնի էր դարձել, իսկ նրա դպրոցը նորաձև բրենդային հաստատություն էր:
Ջոզեֆը հավատում էր, որ մարմնի ողջ էներգիան գտնվում է կենտրոնում, ուստի իր համակարգում գլխավոր դերը վերապահել էր պրեսին։ Մեջքը և որովայնը մի շրջանակ են, որը պահում է մարմինն ուղիղ դիրքում: Կարելի է փաստել, որ պիլատեսը մարմնամարզություն է, որով կարելի է վերականգնել ճիշտ կեցվածքը և պահպանել այն։ Յուրաքանչյուրը կարող է զբաղվել պիլատեսով, անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից, ընդ որում դա կարելի է անել ինչպես մարզասրահում, այնպես էլ տանը: Պիլատես վարժությունները նախատեսված են բարելավելու մարմնի մկանների ճկունությունը, առողջությունն ու ուժը։
Հետագայում այդ համակարգը լայն ընդունելություն է ստացել ամբողջ աշխարհում: Ջոզեֆ Պիլատեսի շատ աշակերտներ բացել են իրենց դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ոճը՝ կախված նախասիրություններից: Բայց բոլոր դպրոցները հիմնված էին նույն սկզբունքների վրա:
Պիլատես մարմնամարզությունը կատարվում է ինչպես առանց սարքավորումների, այնպես էլ տարբեր չափերի գնդակների, իզոտոնիկ օղակների, ռուլետների օգտագործմամբ։ Գործում են հատուկ պարապմունքներ երեխաների, հղիների համար, ինչպես նաև կա հատուկ ցանցաճոճերում, որը հակագրավիտացիոն պիլատեսն է, և դա ֆիթնեսի՝ մարմնամարզության գրեթե միակ տեսակն է, որը հակացուցված չէ հղիներին:
Կ. Խաչիկյան