Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ․ ուշագրավ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։
2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ, վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։
Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսևորելով զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որպեսզի դեպքը ներկայացնեն այնպես, թէ իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինս կալանավորվել է։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։