Պարսից ծոցի երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարությամբ են հանդես եկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊարսից ծոցի երկրները Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը համարում են առաջնային նշանակություն ունեցող հարց, հայտարարել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին։
«Պարսից ծոցի բոլոր երկրները Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ամրապնդումը համարում են առաջնահերթ խնդիր՝ հաշվի առնելով մեզ կապող կարևոր պատմական և ռազմավարական հարաբերությունները»,- ասել է Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին՝ Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ, այն անցկացվել է Էր Ռիադում։
Գլխավոր քարտուղարը կոչ է արել ակտիվացնել աշխատանքը համատեղ գործողությունների ծրագրի ուղղությամբ, որն ընդունվել է ռազմավարական երկխոսության նախորդ նիստում՝ Մոսկվայում։
Համատեղ գործողությունների ծրագիրը նախատեսում է քաղաքական երկխոսության ամրապնդում, կանոնավոր շփումներ Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների միջև։ Նախորդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են աշխատել առևտրի և ներդրումների աճին նպաստող պայմանների ստեղծման, ինչպես նաև էներգիայի մատակարարման շղթաների զարգացման ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։