Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են հրաժարվել ՉԺՀ-ում արտադրված ապրանքների լայն շրջանակի մաքսատուրքերի բարձրացման ծրագրերից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարությանը:
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերանայի իր սխալ մոտեցումը և չեղյալ հայտարարի չինական ապրանքների բոլոր (բարձրացված) սակագները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ Պեկինը բազմիցս դիմել է Վաշինգտոնին՝ բողոքելով լրացուցիչ մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք, Չինաստանի կարծիքով, խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և խորացնում խնդիրները համաշխարհային շուկայում:
Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողություններն իրենցից ներկայացնում են «միակողմանի պրոտեկցիոնիզմ», որը խաթարում է միջազգային առևտրային կարգը և գլոբալ մատակարարման շղթաների կայունությունը։
«Վերջնական արդյունքում բոլոր ծախսերը կընկնեն ամերիկյան ընկերությունների և սպառողների ուսերին», - հավելել են գերատեսչությունում՝ ընդգծելով, որ Չինաստանը կպաշտպանի իր ազգային ձեռնարկությունների շահերը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է զգալիորեն ավելացնել մաքսատուրքերը մի շարք չինական ապրանքների, այդ թվում ՝ էլեկտրամոբիլների, արևային մարտկոցների, կիսահաղորդիչների և պողպատի համար:
Ակնկալվում է, որ նոր սակագները, ներառյալ 100% մաքսատուրքը չինական էլեկտրամոբիլների համար և 50%՝ արևային մարտկոցների համար, ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին։