«Խաղաղության ճանապարհը. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգա՞ն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Ադրբեջանը ձգտում են օգտագործել բացված հնարավորությունների պատուհանը և հաստատել կայուն խաղաղություն տարածաշրջանում, ինչն ինքնին չափազանց դրական ազդանշան կարող է դիտվել։ Երկու կողմերն էլ փոխանակում են հաշտության պայմանագրի փոփոխություններ և առաջարկների փաթեթներ, կապեր են պահպանում արտաքին գործերի նախարարության միջոցով և կազմակերպում սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներ, գրում է Russiancouncil.ru-ն:
Ի սկզբանե խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքային տարբերակը պայմանականորեն սահմանում էր երեք հիմնական դրույթ. Երևանի կողմից Ղարաբաղի վերջնական ճանաչումը որպես Ադրբեջանի մաս և հրաժարում ռևանշիստական տրամադրություններից, տարածաշրջանում տրանսպորտային ու լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում հայ-ադրբեջանական ներկայիս սահմանին, քանի որ իրավական առումով այն գոյություն չուներ Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակաշրջանում։ Այսօր ամենահաջողությամբ զարգանում է երրորդ ուղղությունը, այն է սահմանազատումը և սահմանագծումը։ Միաժամանակ մի շարք դժվարություններ կան խաղաղության պայմանագրի նախագծի այլ դրույթների հետ կապված։ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները, որոնք նախկինում վերահսկվում էին Երևանի կողմից, որպես ադրբեջանական տարածքներ վերջնական ճանաչումը դեռևս մնում է խնդիր։ Հայաստանի գործող Սահմանադրությունը պարունակում է կետ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին ապագա վերամիավորման մասին, ինչը կտրականապես հարիր չէ ադրբեջանական կողմին։ Բաքուն պնդում է, որ Երևանը փոխի Սահմանադրությունը, քանի որ առկա ձևակերպման մեջ տեսնում է ռևանշիստական կողմնակալություն և ապագայում իր տարածքի նկատմամբ հնարավոր հավակնություններ։ Ադրբեջանական կողմը կցանկանար ունենալ իր տարածքային ամբողջականության պահպանման հստակ գրավոր և իրավական երաշխիքներ։ Պաշտոնական Երևանը դեռ չի շտապում այդ հարցում այն համարելով միջամտություն պետության ներքին գործերին։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակմանը և սահմանների բացմանը, ապա կողմերն առայժմ որոշել են փոխադարձ համաձայնությամբ հետաձգել այդ հարցը։ Ըստ ամենայնի, այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ խնդիրն ինքնին տնտեսական բնույթ է կրում և առաջնահերթություն չի համարվում։ Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը կարելի է անվանել «տաք կարտոֆիլի դիվանագիտություն», քանի որ կողմերն առայժմ միայն փոխադարձաբար փոխանակում են ապագա համաձայնագրի փոփոխությունները, մինչդեռ իրական առաջընթաց դեռևս չկա։
Ռուսաստանն իր հերթին լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ և տնտեսական զարգացման խթանմամբ։ Մոսկվան շարունակում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ և կառուցողական կապեր պահպանել Հայաստանի հետ, ինչը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը