Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու արտգործնախարարության առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկը, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ դաշնային պետական մարմինների և կազմակերպությունների հետ համաձայնեցված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։
Այն մասին, որ Ռուսաստանն ու Իրանը միջպետական մեծ պայմանագիր կստորագրեն, դեռ հունվարին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հունիսին նախապատրաստական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան ֆոնին:
Հուլիսի վերջին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել էր փաստաթղթի պատրաստման ավարտի մասին և պայմանագրի ապագա ստորագրումն անվանել «պատմական իրադարձություն»: