Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի
ՖՈՏՈՌոմ արտադրողների մեջ կան շատ հայտնի ապրանքանիշեր, բայց անփորձ մարդուն արժե հարցնել, թե ո՞ր ռոմ արտադրողներին են նրանք ճանաչում, և 10-ից 8-ը կտա Բակկարդի անունը: Այդ հայտնի ապրանքանիշն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ գինու վաճառական Ֆակունդո Բակկարդին որոշեց իր հայրենի Իսպանիայից տեղափոխվել Կուբայի Սանտյագո դե Կուբա քաղաք։
Կղզի ժամանելուն պես նա արագ հետաքրքրվեց ռոմով և որոշեց փորձել իր ուժերն այդ ըմպելիքի արտադրության մեջ: Ավելին, նա լավ տիրապետում էր գինիներին, ինչը նշանակում է, որ նա գիտեր, թե ինչ որակներ պետք է ունենա նուրբ ալկոհոլային խմիչքը։ Նա իր հիմնական խաղադրույքը կատարեց նուրբ «թեթև» ռոմի արտադրության վրա։ Եվ ինչպես պարզվեց ավելի ուշ, նա ճիշտ էր։ Բակկարդի ապրանքանիշը գրանցվել է 1862 թվականին։ Այդ իրադարձությունից հետո էլ այդ թունդ ալկոհոլային ըմպելիքի նորաձևությունը սկսել է տարածվել ամբողջ աշխարհում:
Բակկարդի ռոմի խորհրդանիշը չղջիկն է։ Ենթադրվում է, որ այն հայտնվել է պիտակի վրա պարոն Բակկարդիի կնոջ առաջարկով: Նա իբր իմացել է, որ տեղի բնակիչների շրջանում չղջիկը համարվում է առողջության և հաջողության խորհրդանիշ, և երբ նա տեսել է այդ կենդանիներին թորման գործարանում, պնդել է, որ ռոմի յուրաքանչյուր շշի վրա չղջիկ հայտնվի։
Ներկայումս Բակկարդի ապրանքանիշը ընդգրկված է աշխարհի ամենաթանկերի ցուցակում։ Ընդ որում Բակկարդին պարզապես ռոմ արտադրող չէ, այն իսկական անդրազգային կորպորացիա է, որն ունի ավելի քան 100 ալկոհոլային ըմպելիքների ապրանքանիշեր: Դրանց թվում է նախկին խորհրդային երկրներում տարածված Մարտինի վերմուտը։ Ավելի քան 6000 մարդ է աշխատում Բակկարդիի 31 գործարաններում: Կորպորացիայի տարեկան եկամուտը գերազանցում է 5 միլիարդ դոլարը։ Սակայն բուն ռոմի արտադրությամբ անմիջականորեն ներգրավված է 6 ձեռնարկություն։ Ներկայումս չղջիկով շիշ կարելի է գտնել երկրագնդի յուրաքանչյուր անկյունում, իսկ աշխարհի ցանկացած բարում ձեզ համար կպատրաստեն կոլա ռոմով՝ «Կուբա լիբրե» կոկտեյլ:
Չնայած նման ծավալներին, Բակկարդին դեռ երկյուղածությամբ է վերաբերվում ռոմի արտադրության բոլոր նրբություններին։ Բաղադրատոմսի բոլոր գաղտնիքները փոխանցվում են սերնդեսերունդ (այսօր ընկերության ղեկին Ֆակունդո Բակարդիի ծոռն է)։ Հայտնի է, որ այդ ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում են շաքարեղեգի ստորին հատվածները, որոնք հավաքվում են բացառապես ձեռքով։ Ձեռքի աշխատանքն օգտագործվում է ոչ միայն հումքի հավաքման ժամանակ, այլ նաև գործարաններում։ Գործընթացի նկատմամբ ողջ վերահսկողությունն իրականացվում է ոչ թե համակարգիչների, այլ մարդկանց կողմից: Հենց այդ ամենի շնորհիվ է, որ Բակկարդի ռոմը արդեն 150 տարի աշխարհում ամենահայտնի ալկոհոլային խմիչքներից է։
Կ. Խաչիկյան