Երևանում չեն տեսնում խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի «մոտիվացիան». «Ձեռքերը կկապվեն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու մոտիվացիա չունի, քանի որ այդ փաստաթուղթը կկապի նրանց ձեռքերը, և նրանք չեն կարողանա ռազմական ուժ կիրառել, երբ ցանկանան։ Այս մասին nsn.fm-ին տված հարցազրույցում ասել է Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը։ Մելիքյանը նշել է, որ Հայաստանը բաց է խաղաղ համաձայնագրի համար և չի կենտրոնանում առկա խոչընդոտների վրա, մինչդեռ Բաքուն ուղիներ է փնտրում գործընթացը դանդաղեցնելու համար։ «Այս պահին, եթե չեմ սխալվում, կողմերին հաջողվել է պայմանավորվել 13 կետերի շուրջ։ Երևանն ասում է, որ այն կետերը, որոնք եղել են փաստաթղթի նախագծային տարբերակում, և որոնց վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա, կարելի է մի կողմ թողնել և ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրել, այդ թվում միմյանց սահմանները ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բաքուն պնդում է, որ ամեն ինչ պետք է համաձայնեցվի և ընդհանուր փաստաթուղթ ստորագրվի։ Հայաստանը ցանկանում է արձանագրել, թե որտեղ կա պայմանավորվածություն և շարունակել հարաբերությունների կարգավորումը, բայց Բաքուն համաձայն չէ դրան և նախապայմաններ է առաջադրում, հղում է անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ ակտերին, որոնք, իբր, Ադրբեջանից տարածքային պահանջներ են պարունակում։ Երևանը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը Սահմանադրությամբ և այլ փաստաթղթերով հստակ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, դա նախապայման չի համարում։ Երևանը ցանկանում է որպես հիմք ամրագրել Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա առաջ շարժվել»,- ասել է նա։
Ըստ Մելիքյանի, Բաքուն միտումնավոր է ժամանակ ձգում: «Երևանը վերջերս Բաքու ուղարկեց իր նախագծի տասներորդ տարբերակը, բայց այնտեղից մենք արդեն լսում ենք ոչ այնքան ուրախ հայտարարություններ, նախապայմանները մնում են։ Դա հիմք է տալիս մտածելու, որ Բաքուն խաղում է ժամանակի վրա, չկա այնպիսի փաստաթուղթ ստորագրելու որևէ մոտիվացիա, որը կնվազեցնի տարածաշրջանում սրացման մակարդակը։ Որովհետև ցանկացած քաղաքական փաստաթուղթ, որը պարունակում է և՛ սահմանների ամրագրում, և՛ պարտավորություններ ուժի չկիրառման վերաբերյալ, կսահմանափակի և կկապի այն կողմի ձեռքերը, ով ցանկանում է որոշակի պահին օգտվել իրավիճակից։ Այդ համատեքստում տարածաշրջանում շուտափույթ խաղաղության հաստատման համար Երևանը խոսում է դրական նոտայով, բայց Բաքուն չի շտապում»,- ամփոփել է nsn.fm-ի զրուցակիցը։
Հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին քիչ հավանական է համարում, որ խաղաղության համաձայնագիր մոտ ապագայում ստորագրվի։ «Չեմ կարծում, որ մենք կարող ենք լրջորեն խոսել մոտակա և միջնաժամկետ հեռանկարում համաձայնագրի ստորագրման մասին։ Շարունակվող խոսակցությունն այն մասին է, որ 17 կետերից 13-ն են համաձայնեցված։ Թե որքանո՞վ են դրանք հետևողական՝ հարց է։ Մնացած երեք-չորս կետերը նույնպես համաձայնեցված են, բայց մասամբ։ Դատելով այն պահանջներից, որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, օրինակ, Հայաստանի սահմանադրությունը փոխելը, այդ ամենն այնքան էլ լուրջ չէ, քանի որ Սահմանադրության փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Եվ այդպես շարունակ։ Չեմ կարծում, որ կա համաձայնագրի արագ ստորագրման հեռանկար»,- ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը