Սևանում մեքենա է հրդեհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Դոսաֆի» հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Նաջարյանն ու պարեկ Վահե Քոչարյանը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Նազարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։