«Պետք չէ լոլոներ կարդալ, կոնկրետ պատասխանե՛ք», «Ես հասկանում եմ, որ Ձեր կարդացած միակ գիրքը Կիկոսի մահն է». Փաշինյան-Քոչարյան բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հնչեցրեց, թե որն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը:
«Սահմանազատման Կանոնակարգի 5-րդ հոդվածը հատվածային սահմանազատմանն է վերաբերում, ի՞նչ է լինելու, եթե մենք հետ քաշվենք որոշ շրջաններից, ինչպես, օրինակ, Տավուշում, իսկ Ադրբեջանը վիժեցնի գործընթացը: Կստացվի, երբ մենք փաստացի տվել ենք ու չենք ստացել մեր ստանալիքը, ո՞րն է կուրորեն Ադրբեջանին հավատելու պատճառը»,- ասաց պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, թե ՀՀ-ն որդեգրել է որոշակի ռազմավարություն, և դա հետևյալն է՝ անվտանգային ոլորտում ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը և մենք հետևում ենք այդ ռազմավարությանը:
«Այն ինչ ԱԺ-ն այսօր վավերացրել է, ես կարծում եմ, որ մենք պետք է ըստ արժանվույն գնհատենք այդ իրադարձությունը, այն չափազանց կարևոր է, որովհետև մենք դրանով արձանագրել ենք ՀՀ-ի տարածքների լեգիտիմ սահմանների սահմանազատման սկզբունքները և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն:
Կանոնակարգում նախատեսված է ոչ միայն սահմանազատման հատվածական հնարավորություն, այլև իրականացվելու է ամբողջական սահմանազատում: Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի որևէ կերպ և հետագա պրոցեսները իրականացնելու համար»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այն ինչ տեղի է ունեցել Կիրանց-Ոսկեպար հատվածում դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում:
«Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է: Եվ մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել և այս իրավիճակը ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- շեշտեց նա:
Քոչարյանն էլ արձագանքեց, թե ուզենալ կարող են, իսկ իրենց հավատալ չեն կարող, քանի որ շատ դեպքերում իշխանության գործողությունները հավատ չեն ներշնչում:
«Էս մոլորեցնելը պետք չէ, որովհետև կոնկրետ կանոնակարգում գրված է՝ սահմանազատումն արվում է առանց վերջնականի: Օրինակ՝ հիմա Տավուշում եղավ, հաջորդ հատվածն ասենք արվում է Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ է քաշվում, հետո եթե հերթը հասնում է Ջերմուկին, Ադրբեջանն ուղակի դուրս չգա, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու: Լոլոներ պետք չէ այստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»,- ասաց պատգամավորը:
«Ես հասկանում եմ, որ գուցե Կիկոսի մահը էն քիչ գրքերից է, որոնք Դուք կարդացել եք, բայց Կանոնակարգում Ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն և պետք չի ամեն անգամ Կիկոսի մահի սցենարներն ասել: Ի վերջո կա Կանոնակարգի տեքստ, որը հրապարակային է և որը լիարժեք համապատասխանում է ՀՀ պետական շահերին և մենք շարունակելու ենք հետապնդել այդ պետական շահերը, մնացածը Ձեր մեկնաբանությունն է»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը: