80 տոկոսի չափով հավելավճար կտրվի․ Կառավարության որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխություններին, որով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս:
Նախագծի ընդունման արդյունքում ԱԳՆ համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեից ԱԳՆ-ին տարեկան անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ մոտ մեկ մլրդ դրամ:
Նշենք, որ օրենսդիրը պետական ծառայության պաշտոնների համար նախատեսել է հավելավճար՝ հստակ սահմանելով այդ հավելավճարի դեպքերը և չափը։ Նախատեսվել է նաև բացառություն՝ մի շարք պաշտոնների վրա չտարածելով հավելավճարի՝ 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը, օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն:
Այս փոփոխությամբ, այդ բացառությունների մեջ են ընդգրկվում նաեւ դիվանագետները: