Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Խաչփառ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Դավթյանը, և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը:
Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ՝ ներսի հատվածում, հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Թորոսյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արարատի մարզի դատախազության դատախազ Մկրտչյանը:
Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:
Տեղում պարզվել է նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին:
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալը՝ Սյուզաննա Պ.-ն, ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագորոծության գործիք դանակը քննիչն առգավվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։