Մեր գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են. Բագրատ Սրբազանը` նախագահի կողմից Կանոնակարգը վավերացնելուց հետո ակցիայի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը աջակիցների հետ ակցիա է իրականացնում Նախագահի նստավայրի մոտ։ Պատճառը նախագահի կողմից այսօր ստորագրված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքն է:
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գործընթացն ակնհայտ, ծայրից ծայր ստախոսություն է:
Ինչ վերաբերում է շարժման գործողությունների ուշացած լինելուն, Սրբազանն ասաց, որ իրենց գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ իրազեկման կարիք ունեն:
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից այս շենքերում մարդիկ կան թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով»:
Սրբազանը նաև համաձայն չէ այն դիտարկումներին, թե Շարժման շարքերը նոսրացել են:
«Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պետք եղավ՝ իրենք կհավաքվեն, մեր շարքերը չեն նոսրացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: