ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:
Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:
Բարձրացված հարցերն Օմբուդսմանների ներկայացուցիչները տեղում քննարկել են Կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողի հետ: Վերջինս վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։