ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի գործը քննած Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար առաջարկել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննած Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը։
ԲԴԽ որոշման մեջ նշված է․
«2024 թվականի հոկտեմբերի 29-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
Հանրապետության նախագահին առաջարկել Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Տաթևիկ Հրաչի Գրիգորյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: