Դիլիջանում տղամարդը պայթեցրել է հարևանի ավտոտնակը․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի, և դասակի հրամանատարի տեղակալ Գագիկ Հովակիմյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Արդեն Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի, բաժնի պետի տեղակալ Վարդան Մազյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Ժորա Զանդյանն ու Կոստյա Էլլարյանը:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ քննիչն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկութուններն են ստացվում, թե ով է ենթադրյալ կասկածյալը:
Ոստիկաններն ու պարեկները մեկնում են կասկածյալի բնակության հասցե և կարողանում են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:
Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ.-ն է, ով այնուհետև ոստիկանության Դիլիջանի բաժնից ներկայացվում է Դիլիջանի քննչական բաժին:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Գիշերը 12 անց կեսի կողմերն էր, ուժեղ պայթյուն լսեցինք, մեզ թվաց՝ կամ գազի բալոն է պայթել, կամ ինչ-որ բան տրաքացրել են, դուրս եկանք դուրս, հետո իմացանք, որ Հրայրի ավտոտանկը տրաքացրել են ու մի քանի րոպե հետո ոստիկաններն ու պարեկները եկան, հետո տեսանք, որ նրանք գնում են Արամի տան կողմ, որտեղից էլ նրան բռնեցին:
Որ իմացանք՝ Արամի հետևից են գնում, ասինք՝ էդ ա, միլիցեքին էլ կտրաքացնի, քանի որ փողոցային խոսակցություններով միշտ լսել ենք, որ կարող ա մոտը զենք-զինամթերք լինի, բայց դե մտածել ենք՝ ինչ պիտի անի, հո հարևանի կամ հայի վրա չի գցի, բայց պարզվեց՝ մի կաթիլ մեղրի պատմության համար մարդու գարաժը տրաքացրել ա: Բայց որ իմացանք՝ ոստիկաններին ու պարեկներին հաջողվել ա առանց զոհերի ու վիրավորների վնասազերծեն Արամին, էդ մի կողմից ուրախացանք, բայց դե մութ աշխարհ ա, 2 հարևան ինչ ունեն իրար հետ կիսելու, երևի իրենք գիտեն, էդ էլ քննիչների գործն ա, էսա մի քանի օր կքննեն, եղելությունը հայտնի կլինի»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։