Հյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2003 թվականին Սադամ Հուսեյնի բանակի պարտությունից հետո ամերիկացիները մուտք գործեցին իրաքյան բանակի բոլոր զինանոցները։ Տարբեր զինտեխնիկայի մեծ քանակության մեջ կային Խորհրդային Միությունում, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում պատրաստված նմուշներ։ Կային նաև բոլորովին եզակի նմուշներ, օրինակ հյուսիսկորեական M1978 «Կոքսան»-ը, որը վաղուց էր համարվում աշխարհի ամենահեռահար հաուբիցը։ Նման անուն ամերիկացիներն են նրան տվել։ Նրանց հետախուզությունը 1978 թվականին, հենց Կոքսան քաղաքի տարածքում էր առաջին անգամ ֆիքսել այդ եզակի 170 մմ-ոց ինքնագնաց հաուբիցը, գրում է vestnik-rm.ru-ն:
Հայտնի է, որ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Թեհրանը ԿԺԴՀ-ից գնել էր երեք տասնյակ M1978, որոնք ցուցադրել էին 60 կիլոմետր հեռավորության վրա թիրախները խոցելու ռեկորդային հնարավորություններ։ Այդ հաուբիցներից մեկն էլ դարձել էր ռազմավար, այնուհետև տարվել ԱՄՆ ուսումնասիրելու նպատակով: Ճիշտ է, ըստ երևույթին հնարավոր չի եղել դրա մասին ամբողջական տվյալներ ստանալ, քանի որ արկերը բացակայել են։
Հաղորդվում էր, որ ժամանակին Կոքսաններն այնքան էին տպավորել իրաքցիներին, որ նրանք փորձել էին ստեղծել իրենց սեփական ինքնագնաց հաուբիցն անիվավոր շասսիի վրա, որը նման էր հարավաֆրիկյան G6 ինքնագնաց հաուբիցներին: Այդ 210 մմ-ոց մարտական մեքենան ստացել էր Al Fao անվանումը, սակայն արտադրվել էր միայն մեկ նախատիպով։ Ի դեպ, նրան չէր հաջողվել ավելի հեռահար դառնալ, քան հյուսիսկորեականն է։ Ձեռք բերված առավելագույն կրակային հեռահարությունը եղել էր 57300 մետր։
Երբ իրաքցիները փորձել են առաջ անցնել 1978 թվականի մոդելից, ԿԺԴՀ-ն արդեն ստեղծել էր իր ավելի առաջադեմ տարբերակը: Եվ քանի որ այն առաջին անգամ երևացել է 1989 թվականին, համապատասխանաբար նրան տրվել է M1989 անվանումը:
Իրականում, ինչպես այժմ է հայտնի դարձել, այդ ինքնագնաց հաուբիցը պաշտոնապես կոչվում է «Չուչխե-պո»: Հիմա նրա համար մշակվել է բոլորովին նոր հարթակ՝ շարժիչով, որը գտնվում է մեջտեղում՝ կառավարման խցիկի և հրանոթի փողի միջև։ Մեքենայի մարտական քաշը գնահատվում է 40 տոննա, առավելագույն արագությունը ժամում 50 կիլոմետր է, անձնակազմ յոթ մարդ, զինամթերքը տասներկու լիցք: Կա կարծիք, որ հյուսիսկորեացի ինժիներներին հաջողվել է նման ինքնագնաց հաուբիցի համար էլ ավելի հզոր, ճշգրիտ և հեռահար արկեր ստեղծել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը