2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թ.-ի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» նախագիծը: Դրա ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թ.-ի նոյեմբերի 24-ի N134 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
Այդ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ քանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Ներկայում գործող՝ կառավարության 2023 թ.-ի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2024 թ.-ի դեկտեմբերի 31-ին։
Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանին 2025 թ.-ի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից ոչ ավելի, քան 5000 հատ քանակով ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:
Նախագծի ընդունմամբ N 134 որոշմանը համապատասխան կապահովվի՝ Հայաստան էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։ Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Կառավարության 2021 թ.-ի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված է մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում