Սիրիահայերը մնացել են առանց ՀՀ իշխանության օգնության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍիրիայում տեղի ունեցած իրադարձությունները սրել են իրավիճակը քրիստոնեական համայնքների, այդ թվում՝ հայ համայնքի շուրջ։ Ընդ որում, մինչ ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե տարբերակ չունեն որևէ կերպ օգնելու հայ համայնքին, քանի որ օդանավակայանը փակ է, սիրիահայերն իրենք են փորձում անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսում հայտնված թուրքամետ զինյալներից։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, մեկ հայ է զոհվել։ Առաջնորդարանն ու համայնքային կառույցներն էլ հայերին հորդորել են առանց անհրաժեշտության տներից դուրս չգալ, սպասել, մինչև իրավիճակը հանդարտվի։
Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպել է Հալեպի ռազմական կառավարիչներին։ Հանդիպմանն անվտանգության երաշխիքներ են տրվել։ Իսլամիստ համարվող զինյալները, առաջին տպավորությամբ, փորձում են քաղաքակիրթ երևալ, նորմալ հարաբերվել փոքրամասնությունների հետ, թերևս միջազգային հանրության մոտ իրենց կշիռը բարձրացնելու, նաև տարբեր պատժամիջոցներից ազատվելու համար։
Այս իրավիճակում հայերը ստիպված են ինքնակազմակերպվել, ինքնուրույն իրականացնել տարհանումը կամ էլ լեզու գտնել նոր կառավարիչների հետ։ Սիրիայի դեպքում դա բավական բարդ գործ է, քանի որ հայերը կոմպակտ չեն բնակվում կոնկրետ բնակավայրերում կամ թաղամասերում։
ՀՀ իշխանություններն էլ հրապարակային մերժումներից զատ հայտարարել են, թե ոչնչով օգնել չեն կարող։ Առավելագույնը, կարող են մեկ-երկու ինքնաթիռ ուղարկել Բեյրութ՝ ցանկացողներին տարհանելու։ Սիրիայում ՀՀ դեսպանությունն էլ արդեն հանգրվանել է հարևան Լիբանանում, և դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև որոշեն վերադառնալ Դամասկոս։
Ադրինե Ներսիսյան