Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելական ռազմական ինքնաթիռները 310 ավիահարված են հասցրել Սիրիայի տարածքին դեկտեմբերի 8-ին երկրում իշխանության տապալումից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։
Նշվում է, որ Իսրայելը թիրախավորել է, այդ թվում, Հալեպում հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող գործարանները, Դամասկոսի արվարձաններում զենքի և զինամթերքի պահեստները։
Ըստ հրապարակման՝ Սիրիայի տարածքի վրա զանգվածային ավիահարվածների միջոցով Իսրայելը նպատակ ունի ոչնչացնել Սիրիայի ապագա բանակի ամբողջ սպառազինությունը։ Նշվում է, որ հարձակումների հետևանքով լիովին կասեցվել են հակաօդային պաշտպանության հնարավորությունները։
Իսրայելն իր հերթին հաղորդում է, որ հարվածների նպատակն է թույլ չտալ, որ զենքերը հայտնվեն «ծայրահեղականների ձեռքերում», մինչ Սիրիայում անցումային շրջան է։
Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է այն տեղեկությունները, որ իր զորքերը Սիրիայի տարածքում են՝ Դամասկոսից ոչ հեռու՝ նշելով, որ դրանք «կեղծ» լուրեր են։
Ավելի վաղ Սիրիայի անվտանգության ուժերում Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։