Ինչ չի կարելի անել դաշտանի ժամանակ. 9 սխալ, որ հաճախ թույլ են տալիս կանայք
ՖՈՏՈԴաշտանի ժամանակ կանանց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում, սակայն շատերը նախընտրում են անտեսել այս փաստը՝ շարունակելով վարել սովորական ապրելակերպ: Սակայն գինեկոլոգները նշում են, որ կան բաներ, որոնցից հարկավոր է խուսափել այդ օրերին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 սխալ, որ կանայք հաճախ գործում են դաշտանի ժամանակ:
1. Սպորտ
Շատերն ուշադրություն չեն դարձնում դաշտանային ցիկլի վրա և շարունակում են մարզվել նույնիսկ դաշտանի ժամանակ: Սակայն գինեկոլոգները խորհուրդ են տալիս դաշտանի առաջին օրն առհասարակ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Բանն այն է, որ այդ շրջանում ֆիզիկական վարժությունները կարող են արագացնել արյան հոսքը սեռական օրգաններում, ինչն էլ կարող է հանգեցնել արյունահոսության:
Սակայն պետք չէ զրկվել օգտակար մարմնամարզությունից. պիլատեսը, յոգան ու բուժական մարմնամարզությունը կարող են շատ օգտակար լինել:
2. Անկողնային ռեժիմ
Դաշտանի ժամանակ շատերի մոտ առաջանում են ցավոտ զգացողություններ որովայնի հատվածում, ինչը ստիպում է անկողնում անցկացնել դաշտանի առաջին օրերը, սակայն սա այդքան էլ ճիշտ որոշում չէ, քանի որ բացարձակ հանգստի դեպքում արյունը լճանում է և ցավոտ զգացողություններն ուժեղանում են:
Հարկ է հիշել, որ դաշտանի ժամանակ անհրաժեշտ է փոքր-ինչ ակտիվ լինել: Բացառություն են կազմում միայն այն կանայք, որոնց մոտ դաշտանը չափազանց ցավոտ է լինում, իսկ արտադրությունը՝ առատ: Այս դեպքում խնդիրը հարկավոր է լուծել բժշկի օգնությամբ:
3. Լոգանք
Դաշտանի ժամանակ արգանդի վզիկը սովորականից շատ է բացված լինում, ուստի բարձր է բակտերիաների բացասական ազդեցությանը ենթարկվելու հավանականությունը: Բացի այդ, տաք լոգանքը նպաստում է անոթների լայնացմանն ու արյան շրջանառության արագացմանը, ինչը կարող է հանգեցնել արյունահոսության:
4. Ակտիվ սեռական կյանք
Սովորաբար բժիշկները դաշտանի ժամանակ չեն արգելում սեռական հարաբերությունները, բայց նշում են, որ հարկավոր է անպայման պահպանակ օգտագործել: Սակայն նույնիսկ բժշկի բոլոր ցուցումներին հետևելու դեպքում մեծ է բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ արգանդի արյունը զարգացման հիանալի միջավար է վարակների ու մանրէների համար:
5. Խիստ դիետա
Շատերը գեղեցիկ կազմվածք ունենալու համար շարունակում են հետևել խիստ դիետաներին նույնիսկ դաշտանի ժամանակ, սակայն գինեկոլոգները պնդում են, որ այդ օրերին օրգանիզմին լիրաժեք սնունդ է հարկավոր: Դաշտանի ժամանակ կարելի է ուտել ամեն ինչ, սակայն ցանկալի է սնվել հաճախ ու փոքր չափաբաժիններով: Հարկ է հիշել, որ թերսնուցումն ու արյան կորուստը կարող են բացասաբար ազդել կնոջ ինքնազգացողության վրա:
6. Որոշ դեղամիջոցների ընդունում
Դաշտանի ժամանակ արյան մակարդելիությունը վատանում է, ուստի չի կարելի ընդունել դեղորայք, որը կազդի արյան ստեղծման գործընթացի վրա (օրինակ՝ անալգին կամ ասպիրին): Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ:
7. Ալկոհոլային ըմպելիքներ
Ալկոհոլն ուժեղացնում է ցավն ու տհաճ զգացողությունները, ուստի այն հարկավոր է ամբողջությամբ բացառել: Սակայն կարելի է խմել ցանկացած այլ ըմպելիք առանց սահմանափակումների (օրինակ՝ ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն):
8. Հիգիենիկ տամպոնների օգտագործում
Պարբերաբար հիգիենիկ տամպոնների գործածությունը կարող է նպաստել բորբոքային գործընթացների առաջացմանը: Սա, հատկապես, վերաբերում է այն կանանց, որոնք հաճախ են փոխում հիգիենիկ տամպոնները՝ առանց հիգիենայի և մաքրության մասին հոգալու: Բացի այդ, երկար ժամանակ տամպոն օգտագործելու դեպքում արյան բջիջները սկսում են ակտիվորեն քայքայվել ու փտել:
9. Աղի սննդամթերք
Դաշտանի ժամանակ շատերի մոտ առաջանում են այտուցվածություններ, ուստի վիճակն էլ ավելի չվատացնելու համար հարկավոր է խուսափել աղի սննդամթերքից:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am