Որոնք են հղիության վաղ փուլերի «ախտանշանները»
ՖՈՏՈՀղիության նշանները վաղ փուլերում ի հայտ են գալիս բեղմնավորումից 7-10 օր անց, սակայն սա կարող է կախված լինել տվյալ կնոջից, քանի որ ոմանք կարող են 2-3 ամիս նույնիսկ չնկատել հղիությունը, հատկապես՝ ոչ կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում:
Հղիության վաղ փուլերի ախտանշանները
1. Դաշտանի ուշացում. սա հղիության առաջին նշանն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նույնիսկ եթե ուշացման պատճառը հղիությունը չէ, հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:
2. Բազալ ջերմության բարձրացում. որպես կանոն բազալ ջերմությունը բարձրանում է օվուլյացիայի ժամանակ, սակայն, եթե այն չի իջնում օվուլյացիայից հետո, ապա դա կարող է լինել հղիության «ախտանշան»:
3. Կրծքի մեծացում ու ցավոտ զգացողություններ. հղիության ժամանակ սկսում են գործել հորմոնները, ապագա մոր կաթնագեղձերը մեծանում են ու առաջանում են փոքր-ինչ ցավոտ զգացողություններ:
4. Հաճախակի միզելու ցանկություն. այս ընթացքում արգանդը մեծանում է և ճնշում է գործադրում միզապարկի վրա, ինչի հետևանքով կանայք հաճախակի միզելու ցանկություն են ունենում:
5. Համային նոր նախասիրություններ. հղիության նշաններից մեկն է նաև արտասովոր մթերք և նույնիսկ ուտելու համար ոչ պիտանի բաներ (օրինակ՝ կավիճ կամ հող) ուտելու ցանկությունը:
6. Քնկոտությունն ու հոգնածության զգացողությունը. հորմոնալ փոփոխությունների պատճառով կանայք հաճախ դառնում են քնկոտ և սկսում են շուտ հոգնել:
7. Սրունքի մկանների ջղաձգումներ. նման ջղաձգումները սովորաբար տեղի են ունենում գիշերը՝ քնած ժամանակ:
8. Հեշտոցային արտադրության քանակության ավելացում. հորմոնների ավելացման հետևանքով շատ կանանց մոտ ավելանում է նաև արտադրվող լորձի քանակությունը, ուստի հեշտոցային առատ արտադրությունը նույնպես կարող է լինել հղիության նշան:
9. Առավոտյան առաջացող սրտխառնոց. առավոտյան ժամերին ինքնազգացողության վատացումը պայմանավորված է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմամբ: Ոմանք կարող են ընդհանրապես չբախվել այս խնդրին, սակայն կան մարդիկ, որոնց սրտխառնոցն անհանգստացնում է 9 ամիս շարունակ:
10. Դյուրագրգիռություն. հղիության տարածված նշաններից են նաև տրամադրության կտրուկ տատանումներն ու դյուրագրգիռությունը:
Ներկայում տնային պայմաններում հղիության հաստատման լավագույն միջոցը հատուկ թեստերն են, սակայն դրանք նույնպես չի կարող բացարձակապես ճիշտ պատասխանն տալ, ուստի հստակ պատասխանի համար հարկավոր է բուժզննում անցնել:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am