Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը. –
Ձեր կարծիքով 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնի ակնկալիք կունենա՞, այնուամենայնիվ:
– Բանն էլ հենց այն է, որ ակնկալիքներ չեն ունենում, ակնկալիքներ ստեղծում են: Իսկ քանի որ Հայաստանում հասարակությունն այլևս չի մասնակցում իշխանությունների ձևավորման գործընթացին, ապա այն լուծվում է երկու ձևով` կամ երկրի ներսում, կամ` երկրից դուրս: Երկրի ներսում ևս իշխանությունների ձևավորման երկու ճանապարհ գոյություն ունի: Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով: Ինչպես` Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում: Իսկ եթե ոչ ժողովրդավարական երկիր է, բայց ունի իր ինքնիշխանությունը, ապա ձևավորվում է իշխող ներքին համակարգի կողմից: Ինչպես` Ռուսաստանում, Չինաստանում:
Բայց եթե ինքնիշխան երկիր չէ, ապա իշխանությունների ձևավորման գործընթացի վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում արտաքին գործոնը` աշխարհաքաղաքական կենտրոնները: Իսկ Հայաստանը էականորեն զիջել է իր ինքնիշխանությունը, նրա վրա մեծ են հատկապես Մոսկվայի, ինչպես նաև արևմուտքի` մասնավորապես Եվրամիության ու ԱՄՆ–ի ազդեցությունները:
Եվ այն բանով պայմանավորված կլինեն ակնկալիքները, թե տվյալ թեկնածուները, ովքեր ուզում են Հայաստանի վարչապետ դառնալ, ինչպիսի՞ հարաբերություններ կունենան Մոսկվայի և Արևմուտքի հետ:
Եվ եթե ներկա վարչապետը ցանկություն ունի 2018 թվականի ապրիլից հետո կրկին դառնալ Հայաստանի վարչապետ, ապա ակնկալիքները պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ: Իսկ թե Ռուսաստանը կցանկանա՞ նրան տեսնել 2018 թվականից հետո Հայաստանի առաջին պաշտոնյայի դերում, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել նաև, թե արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա տեսնել այդ դերում գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույնն էլ` Արևմուտքի պարագայում. պարզ չէ նաև նրանց դիրքորոշումն այս հարցում:
Ուստի դեռևս այս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ո՞ւմ ակնկալիքն ինչպիսի՞ արդյունք կունենա: Հետևաբարև` ինչպիսի՞ զարգացումներ կընթանան երկրում: Այդ զարգացումներն ավելի ու ավելի հստակ կերևան աշնան վերջին կամ ձմռանը: Ու որոշ հստակություն կմտնի հարցում: Եվ այդ հստակությունը կմտնի մեսիջների միջոցով, որոնք կգան կամ Ռուսաստանից, կամ Արևմուտքից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: