Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռեսուրսները. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են խիստ ուշագրավ պահվածք դրսևորել:
Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս ՌԴ-ից: Եվ այդ հոսքերը հիմնականում կախված են ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակից: Երբ տնտեսությունը Ռուսաստանում աշխույժ է, փող շատ կա, տրանսֆերտներն էլ աճում են: 2014 թ. սկսած ՌԴ տնտեսության վիճակը, եթե արտահայտվենք բժշկական տերմիններով, կայուն ծանր է: Եվ դա ուղղակիորեն արտացոլվում էր այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալներում. դրանք նույնքան կայուն անկում էին ապրում: Սակայն անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվեց աննախադեպ ու խիստ կասկածելի աճ:
Այդ աճը որոշ տատանումներով պահպանվեց մինչև այս տարվա մարտ: Սակայն ապրիլին արձանագրվեց նույն միտումը, ինչ արձանագրվում էր 2014 թվականից սկսած տրանսֆերտների ծավալը կրկին կտրուկ անկում ապրեց:
Միակ տրամաբանական պատճառը, որ կարելի է գտնել այսպիսի տատանման պարագայում, այն էր, որ այս տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժանված հսկայածավալ ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում» եղած գումարը, այլ նաև ՌԴ-ում եղած ռեսուրսները, որոնք Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով: Անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա ապրիլ Հայաստան էր եկել 323 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 240 միլիոն դոլարի դիմաց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: