Մեծ Բրիտանիան 2040 թվականից կարգելի բենզինային և դիզելային շարժիչներով մեքենաների վաճառքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են 2040 թվականից դիզելային և բենզինային շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքի արգելք սահմանել: Այդ մասին BBC-ին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, գրում է Reuters գործակալությունը:
Գոուվը նշել է, որ նախատեսվում է դրանից տասը տարի անց ընդհանրապես փողոցներն ազատել այդ ավտոմեքենաներից:
Նախարարը նաև ենթադրություն է հայտնել, որ որոշ շրջաններում, որտեղ օդն առավել աղտոտված է, շահագործման արգելքը կարող է է՛լ ավելի վաղ սահմանվել:
Արգելքը վերաբերելու է նաև հիբրիդային շարժիչներով՝ ինչպես էլեկտրաշարժիչ, այնպես էլ ներքին այրման շարժիչ ունեցող ավտոմեքենաներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի և Փարիզի քաղաքապետերը պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը կարգելեն դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն ու բեռնատարները:
Վերջին շրջանում դիզելային շարժիչներով ավտոմեքենաները ենթարկվում են քննադատության՝ օդի որակին և մարդկանց առողջությանը հասցրած վնասի պատճառով: