Ինչպես է ազդում կալցիումը սրտանոթային հիվանդություններից տառապողների օրգանիզմի վրա
ՖՈՏՈԿարոլինսկայի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ մարդիկ ունեն հակվածություն սրտի իշեմիկ հիվանդության ու սրտամկանի կաթվածի հանդեպ: Ընդ որում՝ խնդիրը միայն գեների մեջ չէ, այլև կալցիումի: Մասնագետները պարզել են, որ որքան բարձր է արյան մեջ կալցիումի մակարդակը, այնքան բարձր է հիվանդության առաջացման հավանականությունը: Հայտնի է, որ կալցիումը շատ կարևոր նշանակություն ունի թրոմբների ձևավորման, արյան ճնշման կարգավորման ու մկանների կծկումների ապահովման հարցում:
Ուսումնասիրությանը մասնակցել է 184305 մարդ, որոնցից 60801-ի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Բացի այդ, այս խմբի 70%-ի մոտ ախտորոշվել է նաև սրտի նոպա: Գենոմի անալիզը թույլ է տվել առանձնացնել գենետիկական վեց տարբերակ, որոնք կապված են օրգանիզմում կալցիումի ցուցանիշների հետ: Պարզվել է, որ կալցիումի բարձր մակարդակի և սրտի հիվանդությունների համար պատասխանատու են նույն գեները:
Ի դեպ՝ ավելի վաղ գիտնականները պարզել են, որ կալցիում պարունակող բիոակտիվ սննդային հավելումները կարող են վտանգավոր լինել: Դրանք նպաստում են անոթներում վահանիկների կուտակման: Սակայն միևնույն ժամանակ կալցիումով հարուստ սննդամթերքը շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար, ինչն ապացուցել են շուրջ 10 տարի տևած ուսումնասիրությունները:
Պարզվում է՝ կալցիում պարունակող բիոակտիվ սննդային հավելումները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, մինչդեռ շատերը նման զգուշացումներին ուշադրություն չեն դարձնում:
Մասնագետները նշում են, որ երբ խոսքը գնում է կալցիումի օգտագործման մասին, մարդկանց թվում է, թե որքան շատ կալցիում են իրենք օգտագործում, այնքան առողջ են լինում նրանց ոսկորներն ու ատամները: Սակայն կալցիումի ավելցուկը վնասակար է սրտանոթային համակարգի համար: Այն հատկապես վնասակար է տարեցների համար, քանի որ նրանց դեպքում կալցիումը չի ամրացնում ոսկորները և ամբողջությամբ դուրս չի գալիս օրգանիզմից մեզի հետ, այլ կուտակվում է փափուկ հյուսվածքներում, մասնավորապես՝ աորտայում ու զարկերակներում՝ խոչընդոտելով արյան հոսքին ու բարձրացնելով սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am