Ռուսաստանում փրկարարները գտել են 10 օր անմարդաբնակ կղզում մնացած ձկնորսներին
ՖՈՏՈՌուսաստանի փրկարարներին հաջողվել է գտնել օրեր շարունակ անմարդաբնակ կղզում մնացած երեք ձկնորսներին, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Արխանգելսկի մարզային վարչության տարածած հաղորդագրությանը:
Դեռևս օգոստոսի 24-ին Մալոշույկա գյուղի երեք բնակիչ ուղևորվել է ձկնորսության, սակայն նրանց նավակը խորտակվել է փոթորկի պատճառով, ձկնորսները ստիպված են եղել Սեդլովատի կղզու ափ դուրս գալ, որն անմարդաբնակ է:
Նախնական պլանավորմամբ Խեդոստրով և Կոնդոստրով կղզիներ գնալ պատրաստվող ձկնորսներին տանն օգոստոսի 27-ից շուտ չէին սպասում, իսկ նավեր անմարդաբնակ կղզու մոտակայքում քիչ են հանդիպում: Թրջված հեռախոսները նույնպես չեն աշխատել, և ձկնորսները ստիպված են եղել պարբերաբար ազդանշանային կրակ վառել՝ փրկարարների ուշադրությունը գրավելու համար:
Գյուղացիներն իրենց մոտ ունեցել են ուտելիքի որոշակի պաշար, սակայն այն միանգամից չեն օգտագործել՝ պահելով նորից դեպի ծով դուրս գալու դեպքում որպես պաշար վերցնելու համար: Անմարդաբնակ կղզու ափերի մոտ ձուկ բռնելն այդքան էլ հեշտ չի եղել, և նրանք ստիպված են եղել ճայեր որսալ, որոնցով էլ սնվել են: Բացի այդ, նրանք կերել են նաև կղզում աճող հատապտուղներ:
Տասը օր շարունակ անմարդաբնակ կղզում մնացած գյուղացիներն արդեն պատրաստվում էին տուն մեկնել ինքնաշեն լաստի օգնությամբ, սակայն բարեբախտաբար փրկարարներն ավելի վաղ են տեղ հասել: Փրկվածների ինքնազգացողության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: