Նման մանիպուլյացիայի ու կեղծիքի չի դիմել ոչ մի վարչապետ. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռքերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությունից չկա ոչ մի արձագանք:
Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարապետյանը այդպես է որոշել իրականություն դարձնել սեփական խոստումը, որպեսզի 850-միլիոնանոց փաթեթով մասնակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»:
Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական պատկանելություն, մասնագիտական կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը:
Կառավարությունը, փաստորեն, ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: