Ողջ արևմտյան աշխարհը նոր տարվա գալուստը նշում է հունվարի սկզբին, մինչդեռ Չինաստանի բնակիչները այն տոնում են փետրվարի վերջին: Իսկ ինչու՞: Միգուցե նոր տարվա գալուստն ինչ-որ կերպով կապում են Արեգակի շուրջ Երկրի պտտմամբ կամ ֆիզիկական այլ գործընթացներով, իսկ չինացիները այդ հաշվարկները մյուս երկրներից այլ կե՞րպ են կատարում:
Իրականում Ամանորը կարելի է նշել օրացույցում տեղ գտած յուրաքանչյուր օր: Գրիգորյան օրացույցը, որով առաջնորդվում են արևմտյան երկրները, ներմուծվեց կաթոլիկ Եվրոպայի երկրներում 1582 թ. հոկտեմբերի 4-ին և համարվում է Հուլյան օրացույցի կրկնօրինակը, որը ստեղծվել էր մ.թ.ա. 45 թ. Հուլիոս Կեսարի հրամանով: Հենց այդ ժամանակ էլ Ամանորը սկսեցին նշել հունվարի 1-ին: Կեսարն այդ օրը ընտրեց ոչ թե այն պատճառով, որ մոտենում էր ձմեռը, մանդարինի բույր էր զգում կամ տոնական տրամադրություն ուներ, այլ այդ օրը հանրապետության ընտրված կոնսուլները անցնում էին իրենց պարտականություններին: Ժամանակի ընթացքում արևմտյան բոլոր ժողովուրդները սովորություն դարձրին Ամանորը հենց հունվարի 1-ին նշելը: Ավելի քան 2 հազարամյակ է, ինչ ոչինչ չի փոխվել:
Սակայն աշխարհի բոլոր երկրներում չէր, որ սա սովորություն դարձավ: Ի տարբերություն եվրոպական օրացույցի, որի հիմքում ընկած է եղանակների փոփոխությունը, Չինաստանում ավելի քան 3 հազարամյակ շարունակ ժամանակը որոշելու համար օգտագործվում է Արեգակնա-Լուսնային օրացույցը, որի հիմքում ընկած են Արեգակի և Լուսնի շարժումները: Չինական ամենահին օրացույցները վերագրվում են մ.թ.ա. XVI-XI դարերին: Այստեղ Նոր Տարին հարմարեցված է ձմեռային նորալուսնի լուսնային ցիկլի ամբողջական ավարտին՝ դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին:
Ստացվում է, որ եթե Գրիգորյան օրացույցում նոր տարվա գալուստը պայմանավորվում է ուղղակի նշված ամսաթվից, ապա չինական Արեգակնա-Լուսնայինում պայմանավորվում է աստղային երևույթով: Եվ դա շատ ավելի տրամաբանական է թվում, սակայն միևնույն ժամանակ պակաս հստակ: Այն պատճառով, որ լուսնային ցիկլը կարող է տևել 29.5-30 օր, Չինաստանում Ամանորի օրը փոփոխվում է ամեն տարի՝ ընկնելով հունվարի 21-փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում (Գրիգորյան օրացույցին համապատասխան):
Հարկ է նշել նաև, որ չինական մշակույթում բուն Ամանոր տոն գոյություն չունի: Այն, ինչը եվրոպացիներն անվանում են Նոր Տարի, Չինաստանում կոչվում է Գարնան տոն:
Սակայն Արեգակնա-Լուսնային օրացույցով ապրելը չինացիների համար այնքան էլ հեշտ չէ (ազդեցություն է ունենում Չինաստանի և արևմտյան երկրների տնտեսական փոխգործակցության վրա), սակայն միևնույն ժամանակ նրանք չեն ցանկանում իրենց արմատներից հեռանալ: Այդ պատճառով այսօր Չինաստանում փորձում են առօրյայում օգտագործել Գիեգորյան օրացույցը, սակայն ազգային տոները նշում են Արեգակնա-Լուսնային օրացույցին համաձայն: