Զինված խումբը գործում էր հատուկ սխեմայով
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՀարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Մենք շարունակաբար անտեսում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններում արտաքին հետքի առկայությունը, սակայն փաստերը ստիպում են հաշվի նստել այդ հանգամանքի հետ:
Ըստ դրանց, զինյալ խումբը ուղղորդվում է Արեւմուտքում գործող «Փոլիս Ֆորում Արմենիա» կազմակերպության կողմից։ Թերեւս սա էլ իր հերթին այլ կենտրոնների կողմից ուղղորդվող կառույց է, ուր հավաքված են արեւմտյան տարբեր երկրներում բնակվող հայեր։ Ի՞նչ կասեք այս մասին:
- «Սասնա ծռեր» խումբն իր գործը սկսեց Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Դա արդեն իսկ շատ խոսուն փաստ է: Պահի ընտրությունը շատ կարեւոր է:
Եթե խմբի նպատակը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է, ուրեմն թող իրենց գործողությունը սկսեին նրա ձերբակալումից անմիջապես հետո, բայց չէ, նրանց ասվել է` տղե՛ք, սպասեք: Ու հրահանգը տրվեց թուրքական հեղաշրջման պահին: Նման դեպքեր եղան նաեւ Ղազախստանում, Վրաստանում:
Նկատենք, որ ամենուր հարձակման թիրախը ոստիկանն է: Կնշանակի՝ սա հատուկ սխեմա է: «Սասնա ծռերի» տեղական կազմակերպիչների, առաջնորդների, դա կլինի Սեֆիլյանը, թե մեկ ուրիշը, մտքով չանցավ, որ հայկական ոստիկանությունում կարող են լինել հայրենասեր մարդիկ, որոնք որպես կամավորներ մասնակցել են Արցախյան պատերազմին:
Նրանց մտքով չանցավ, որովհետեւ կատարված գործողության ձեռագիրն ու մտահղացումը օտարի է, ու մենք այս մասին այսօր պետք է խոսենք։
Ազատամարտում մեր առաջին զոհերը եղել են հենց հայ ոստիկանները. 1991թ. մայիսի 6-ի Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան միլիցիայի 20 աշխատակիցներ, նրանք դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. 11-ը զոհվեցին, մյուսները գերեվարվեցին:
Իսկ թե այս խումբն ի՞նչ արտաքին կենտրոններից է ղեկավարվում, մեր համապատասխան մարմինները պետք է բացահայտեն։
Պետք է համբերատար սպասենք, Հայաստանի քաղաքացիները, այնուամենայնիվ, կցուցաբերեն զսպվածություն: Այստեղ սոցիալական խնդիր չկա, Հայաստանում սոցիալական վիճակը վատ է 1991-ից սկսած, ո՞վ չգիտի: Բայց այդ խմբին հրահանգված էր, որ հիմա ընդվզեին: Մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ո՞ւր են տանում թելերը, դեպի ո՞ր երկրներ, եւ ի՞նչ անուններ են նրանց հետեւում թաքնված:
-Ոստիկանության պատրաստած տեսանյութից պարզվում է, որ զինված խմբում ընդամենը 10-ն են Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Մյուսները նույնիսկ հայոց բանակում չեն ծառայել, իսկ պատճառաբանությունն այն է, թե հիվանդ են ու անկարող զենք բռնել: Բայց արի ու տես, որ այսօր ոչ միայն զենք են բռնել, այլեւ այն ուղղել են հենց մեր երկրի դեմ:
-Խիստ կասկածում եմ, որ նրանք հայրենասերներ են: Ես ուզում են դիմել նրանց. եթե ձեր ուժը պատում է, որ գաք ու կրակ բացեք հայ ոստիկանների վրա, այդ ինչպե՞ս է, որ ուժներդ չպատեց, առողջություններդ չներեց, որ շատ շատերի պես գնայիք ու կանգնեիք թուրքի դեմ: Եթե դուք առողջական պատճառներով խուսափել եք զինծառայությունից, ինչպե՞ս եղավ, որ այդքան դիմացկուն, ուժեղ դառաք ու ձեռքներդ զենք վերցրիք:
Կնշանակի՝ դուք շատ առողջ տղերք եք, դե գնացե՛ք ու ծառայե՛ք հայրենիքին, գնացե՛ք սահմանը պահեք: Իսկ հիմա գիտե՞ք թե ո՞ւմ եք ծառայում, դուք հայրենիքին, ազգին չե՛ք ծառայում: Ես չգիտեմ, թե ի՞նչ քարոզ են կարդացել այդ տղերքի գլխին, բայց նրանք այլ իրավիճակում են:
Հեղինակ՝ Ա. Սիմոնյան
Շարունակությունը կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հուլիսի 27-ի համարում