Ինչո՞վ են վտանգավոր դեռահասների համար սեռական հարաբերությունները (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
«Դեռահասների մոտ սեռական կյանքը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Նրանց օրգանիզմը՝ թե՛ կենսաբանական, թե՛ հոգեբանական առումով կայացած համարել չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ այդ տարիքում տեղի են ունենում մեծ քանակությամբ հորմոնալ փոփոխություններ, և օրգանիզմը փորձում է հարմարվել փոփոխություններին. «Այդ ժամանակ առկա է սեռական մեծ ցանկություն, ինչը կարող է դեռահասին մղել սեռական հարաբերությունների, որոնք կարող են ունենալ վատ հետևանքներ: Չտիրապետելով անվտանգ սեռական կյանքի մասին տեղեկություններին՝ աղջիկները կարող են ունենալ անցանկալի հղիություններ և սեռավարակներ, որոնք հետագայում կարող են խոչընդոտել վերարտադրողական ֆունկցիայի կայացմանը»:
Մասնագետը նշեց, որ դեռահասների համար սեռական հարաբերությունները հատկապես վտանգավոր են տարիքով և փորձառու զուգընկերների կամ զուգընկերուհիների հետ. «Դրանք առաջացնում են բավական լուրջ հոգեբանական խնդիրներ, քանի որ սեռական կյանքի մասին նրա պատկերացումները և ռեալ իրականությունը չեն համապատասխանում: Այդ պարագայում սեքսուալ պատկերացումների և իրականության միջև հակադրություն է առաջանում»:
Պատահական սեռական հարաբերությունները կարող են հանգեցնել նաև անցանկալի հղիության. «Հատկապես դեռահասների մոտ անցանկալի հղիությունը պայմանավորած է սեռական կյանքի անվտանգության մասին գիտելիքների պակասով: Այդ տարիքում հղիությունը հիմնականում լինում է առաջինը, որի ընդհատումը առաջ է բերում վերարտադրողական խնդիրներ, այդ թվում՝ անպտղություն»:
Հակոբյանը նշեց, որ այդ տարիքում ռիսկային է համարվում նաև ծննդաբերությունը, քանի որ սեռական օրգանները դեռևս լիովին ձևավորված չեն:
Ներկայումս սեռական կյանքով ավելի վաղ ապրելու միտում կա. «Եթե մարդը սեռապես հասուն է և ունի մշտական զուգընկեր, տեղյակ է սեռական կյանքի մասին անվտանգության կանոններին, բեղմնականխման մասին մեթոդներին, ապա այդ պարագայում սեռական հարաբերությունը իրենից վտանգ չի ներկայացնում: Բայց պետք է հաշվի առնել, որ այն տեղի ունենա փոխադարձ համաձայնությամբ և սիրո առկայության դեպքում: Սակայն դեռահասների մոտ ցանկացած պարագայում վտանգավոր է սեռական կյանքով ապրելը»:
«Ներկայումս ավելացել է սեռավարակների թիվը: Դա պայմանավորված է սեռական կյանքով ավելի վաղ ապրելու հանգամանքով»,- կարծում է Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ այժմ մեծ խնդիր է խրոնիկական բորբոքային պրոցեսների առկայությունը. «Հաճախ, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ ապահովվածություն, չեն դիմում բժշկի: Երբեմն բուժումը կիսատ են թողնում, որը պատճառ է դառնում սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունների առաջացման համար: Հետագայում դա կարող է կանանց և տղամարդկանց մոտ առաջացնել անպտղության որոշակի տեսակ»: