Ծառայակցի հետ սեքսուալ գործողությունը նկարահանել է ու գումարներ շորթել. Հուսահատված զինվորը դանակի հարվածներ է հասցրել
ՎԻԴԵՈՎերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Բ.-ի և Արթուր Ս.-ի (անունները փոխված են) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Արմենը՝ պարտադիր զինծառայության մեջ գտնվելով, համածառայող, 22-ամյա Արթուրից պարբերաբար շորթում է կատարել՝ սպառնալով զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածել՝ հրապարակել Արթուրի նկատմամբ իր կատարած սեքսուալ գործողությունների տեսագրությունները՝ իր իսկ ձեռքով տեսագրած, և այդպիսով՝ Արթուրի համար զորամասում անբարենպաստ պայմաններ ստեղծել:
2014 թվականի դեկտեմբերի 7-ին Արմենը Արթուրից պահանջել ու ստացել է 15 հազար դրամ: Դեկտեմբերի 12-ին նա Արթուրից նույն սպառնալիքներով պահանջել ու ստացել է 30 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 16-ին կամ 17-ին Արմենը Արթուրից արդեն պահանջել է 300 հազար դրամ:
Արմենի՝ պարբերաբար աճող պահանջներին ի պատասխան՝ Արթուրը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի կեսգիշերին զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքը շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք:
Գիշերվա ժամը 4-ի սահմաններում նա շինություններից մեկի մոտ զրուցել է Արմեն Բ.-ի հետ: Զրույցի ընթացքում Արթուրը գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակը և դրանով հարվածել է Արմենի դեմքին, ապա հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով ձախ թոքի վնասվածք ու Արմենի առողջությանը հասցնելով ծանր վնաս:
Արմենն ու Արթուրը արդեն զինծառայողներ չեն, պահեստազոր են արձակվել:
Արմեն Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել մի քանի դրվագ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Արթուր Ս.-ին՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 327.6 հոդվածի 1-ին մասերով:
Արմեն Բ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, երբ դատապարտյալը փաստացի արգելանքի տակ կառնվի:
Արթուր Ս.-ն վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:
Կալանքի տակ գտնվող Արթուրը դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը՝ ամբաստանյալ Արթուրի մասով, և ամբաստանյալ Արմեն Բ.-ի շահերի պաշտպանը:
Մեղադրողի կարծիքով՝ ամբաստանյալ Արթուրի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը անհիմն է: Դատարանը հաշվի է առել գործում առկա մեղմացնող հանգամանքները՝ հանցանքն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները խախտելով կատարելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը:
Բայց, ըստ մեղադրողի, դատարանը հաշվի չի առել , որ մեղմացնող հանգամանքների առկայությունը «չի վերացնում հանցագործության և անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը»:
Մեղադրողը նշել է, թե քրեական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արթուրն ուղղակի դիտավորությամբ առողջության ծանր վնաս է հասցրել Արմենին, այսինքն՝ մեղադրողի պնդմամբ՝ խոսք չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության մասին:
Ի վերջո, դատարանը հենց իր կայացրած դատական ակտում Արթուրին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու, ոչ թե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած արարքի համար:
Մեղադրողը միջնորդել է Արթուր Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել… 5 տարի ազատազրկման, հաշվակցել նախնական կալանքի տակ գտնված ժամանակը ու վերջնական պատիժ սահմանել 4 տարի 1 ամիս 16 օր ազատազրկումը:
Ամբաստանյալ Արմեն Բ.-ի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ իր պաշտպանյալին իրական ազատազրկման դատապարտելը չի համապատասխանում նրա կողմից կատարած արարքի ծանրությանն ու նրա անձին:
Դատարանը, ըստ պաշտպանի, փաստել է իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի քանի հանգամանքներ, ինչպես նաև՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն պատիժ նշանակելիս չի անդրադարձել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին: Սա այն դեպքում՝ նշել է պաշտպանը, որ դատարանը գործով հաստատված է համարել նաև օրենքով չմատնանշված այլ մեղմացնող հանգամանք՝ մասնավորապես՝ ամբաստանյալ Արմեն Բ.-ն իր գործողությունների համար որպես «պատիժ»՝ ծանր մարմնական վնասվածք է ստացել:
Պաշտպանը նշել է, թե Արմեն Բ.-ն արդեն ուղղվել է, հաշտվել է գործով մյուս ամբաստանյալ Արթուրի հետ, վերջինս բողոք, պահանջ չունի:
Պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալ Արմեն Բ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:
Նյութը՝ http://intermedia24.ru-ի