Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը
ՎԻԴԵՈԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանում բացել բոլոր փակ փողոցները և զբաղվել մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներով:
«Կոչ եմ անում բոլորին Երևանում բացել բոլոր փակ փողոցները: Բոլոր ակտիվիստներին խնդրում եմ գտնել առանց պետհամարանիշի կամ փակ պետհամարանիշներով մեքենաները: Այսօր առանց պետհամարանիշ կամ փակ համարներով ոչ մի մեքենա չպետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել այն մասին, որ մայրաքաղաքում շրջում են առանց պետհամարանիշ կամ փակ համարներով մեքենաներ: «Խնդրում ենք բոլոր համարները տեղադրել, բացել և նոր միայն երթևեկել: Մենք ինչի՞ համար պետք է փակենք մեր դեմքը»,- հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանի նախաձեռնած շարժումը կոչ է անում նաև պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք, մաքուր պահել տարածքը, բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները, ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները: «Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից»,-նշել են նրանք: