Ոգեկոչում` արվեստի շնչով
ՄՇԱԿՈՒՅԹ«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կազմակերպումը:
Հոգևոր խոսքով և Տերունական աղոթքով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը և ազդարարեց միջոցառման սկիզբը: Երաժշտական համարներով հանդես եկան Արմինե Խաչատրյանը (սոպրանո), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Մարիա Գալստյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգիչ Սմբատ Խալաթյանը, և ներկայացվեցին գեղանկարիչ Մերուժան Խաչատրյանի յուրօրինակ աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որը մինչև ապրիլի 28-ը կարող եք տեսնել միության ցուցասրահում:
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նորից ապրիլ է …» երգի պրեմիերայով ( երաժշտ.՝ Արտեմ Խաչատուրի, խոսք՝ Ս. Խալաթյանի): Գեղանկարիչ, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը խոսեց սրբապատկերի խորհրդի, ստեղծման պատմության և նախապատրաստական աշխատանքների մասին: Երեկոյի ընթացքում ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը մեկնաբանեց «Ապրիլի քսանչորս» (խոսք՝ Էդվարդաս Մեժելայտիսի), «Վրեժին սերմացանը» (խոսք՝ Ռուբեն Սևակի), «Թախծոտ սրինգ և հաղթական շեփոր» (խոսք՝ Սիամանթոյի) ստեղծագործությունները:
- Մեզ համար շատ կարևոր է, որ ոչ միայն հայերը, այլ նաև օտարներն ընդունեն հայոց ցեղասպանության փաստն ու հարգեն անմեղ զոհերի հիշատակը. կարևոր է նաև այն, որ այս պատմական անհերքելի ոճրի մասին հնչի նաև նրանց երգերում և բանաստեղծություններում: Այսպիսի ստեղծագործություն է Մեժելայտիսի «Ապրիլի քսանչորս» բանաստեղծությունը, որը ես երգի եմ վերածել,- իր խոսքում նշեց Դանիել Երաժիշտը:
Միջոցառման վերջում գեղանկարիչ, «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը միությանը նվիրեց նկարի վերատպված օրինակը: