Ռուսական կողմը ՀՀ կառավարությանն առաջարկել է գազն էժանացնել. հայկական կողմը հրաժարվել է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել եւս 20 տոկոսով, կամ նույնն է, թե 30 դոլարով` հազար խորանարդ մետրի համար:
Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը եւս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը: Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է: Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը:
Փոխարենը «Գազպրոմն» այս հարցում շահագրգռված է, քանի որ այդ դեպքում նրա դուստր ձեռնարկության` «Գազպրոմ-Արմենիայի» հարկային պարտավորությունների նվազելու դեպքում այդ ընկերությունն ավելի շատ շահում է, քան թե կորցնում: Ինչեւէ, չնայած գազի գնի շուրջ քննարկումները եղել են ոչ պաշտոնական եւ չփաստաթղթավորված ֆորմատով, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից մեկնաբանություն ստանալ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ նշված նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին. ««Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանին մատակարարվող գազի հազար խորանարդ մետրի գինը 20 տոկոսով՝ 30 դոլարով, էժանացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունների ժամանակ ՀՀ կառավարությունը մշտապես փորձել է առավելագույնս իջեցնել այն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: