«Հրապարակ». Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ է ձեւավորվել. Այն գլխավորում են 2 նախկին նախարարները
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։
Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Թեպետ ՀՔԾ-ից մեր հարցին հրաժարվեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։
Դավիթ Հարությունյանն Արփինե Հովհաննիսյանի հետ իրավախորհրդատվական ընկերություն է բացել։ Մենք տեղեկացանք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի «պաշտպանական» թիմը հավաքվել է ՀՀԿ գրասենյակում ու բավականին երկար քննարկում արել Սերժ Սարգսյանի հետ։ Ներկա են եղել նաեւ այլ իրավաբաններ, փաստաբաններ։
Դավիթ Հարությունյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ կցկտուր հերքեց, թե իրենք են զբաղվում Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու-չկանչելու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասաց պարոն Հարությունյանը։
Հարցին՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակում քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Հարությունյանն ասաց․ «Ուրիշ հարցերով եմ ունեցել քննարկում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում