Դավիթ Սանասարյանի պաշտոնանկությունը «օրենքի առաջ բոլորն են հավասար», եզրույթի լավագույն դրսևորումը կլինի
ԻՐԱՎՈՒՆՔԿարապետ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Վերջին շրջանում, հատկապես հետհեղափոխական Հայաստանում, շատ է խոսվում օրենքի գերակայության, հավար իրավունքների և արդարության, ինչպես նաև այդ խոսքերը պրակտիկորեն իրականություն դարձնելու պատրաստակամության և պարտավորվածության մասին: Բնավ կասկածի տակ չդնելով այս խոսքերի իսկությունը և այն չվորակելով որպես դեմագոգիական հայտարարություն, պետք է նշենք սակայն, որ որոշ դեպքերում, ավելի կոնկրետ որոշ մարդկանց դեպքում, այն կարծես թե որոշակի վերապահումներով է իրագործվում: Մասնավորապես «օրենքի առաջ բոլորն են հավասր» ասվածը, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե մասնակի է գործում նույն հեղափոխության օրերին ակտիվ գործունեություն ծավալած, ներկայիս Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեպքում: Նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասին լուրերը օրեր շարունակ շրջանառվելուց հետո, ի վերջո եզրահանգեցին այն կետին, երբ պարզ դարձավ, որ դա իրականություն է և կան հաստատող փաստեր: Բնականաբար չմոռանալով նաև անմեղության կանխավարկածի մասին, կարծում եմ որ ԱԱԾ-ն ունի իր ձեռքի տակ բավարար բոլոր նյութերը, որոնք թույլ կտան այս պատմության վրա ամբողջապես լույս սփռել: Այս ամենից հետո սակայն, հակառակ բոլոր տեսակի տրամաբանության, Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվում են, բայց նա պաշտոնանկ չի արվում: Հարց է ծագում, արդյո՞ք Դավիթ Սանասարյանը նոր Հայաստանում արտոնյալ է, արդյո՞ք նա կարողանալու է խուսափել այն պատասխանատվությունից, ինչից չեն կարողացել խուսափել նույն չարաշահումները թույլ տված բազմաթիվ պաշտոնյաներ, արդյո՞ք սա նշանակում է, որ «օրենքի առաջ բոլորն են հավասար» խոսքերը չի վերաբերվում յուրայիններին, այլ հատուկ սահմանվել է անցանկալի պաշտանյաներից ազատվելու կամ նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատրվակով: Սրանք հարցեր են, որոնք շարունակելու են օդից կախված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Սանասարյանը շարունակելու է պաշտոնավարել, թեպետ այս պահին նրա լիազորությունները դադարեցված են:
Սա շատ կարևոր ինստիտուցիոնալ մոտեցում է, ինչից էլ կախված կլինի օրենքի գերակայությունը, հակառակ պարագայում առաջ քաշված «օրենքի առաջ բոլորն են հավասար» եզրույթը պետք է վերախմբավորել «օրենքի առաջ բոլորն են հավասար, բացի «սվոյներից»»:
Հ.Գ. Դավիթ Սանասարյանի պաշտոնանկությունը «օրենքի առաջ բոլորն են հավասար» եզրույթի լավագույն դրսևորումը կլինի: