Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան
ԻՐԱՎՈՒՆՔԱյս օրերին քննարկումների առիթ է դարձել առաջին անգամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը Հ1-ի եթերում հայտարարել է՝ դատավորի 160 էջանոց ատենախոսության որոշ էջեր նման են մեկ այլ դատավորի ատենախոսությանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքեց տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ այդ հարցը բարձրացված է եղել նաև 2018թ. հոկտեմբերին. «Ինչո՞ւ այն ժամանակ հանձնաժողովի արտահերթ նիստ չէին գումարում, ինչո՞ւ հիմա խառնվեցին իրար»,- նշեց նա։
Անդրադառնալով իր և Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսության նմանությանը, Ազարյանը նշեց. «Ես և Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն ենք ունեցել և իրավունքի տեսության վերաբերյալ մեր ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։ Իմ կարծիքով, եթե ղեկավարը նույնն է, և հատկապես, որ խոսքը վերաբերում է պետության և իրավունքի տեսությանը, կարող են մի քանի տասնյակ էջեր համընկնել: Կարող էին չէ՞ գիտական ղեկավարից ճշտել, թե ով է ումից արտագրել կամ արդյոք արտագրություն է: Միգուցե վերցնեն՝ համեմատություն անեն նույն գիտական ղեկավարի մոտ անցած մի քանի այլ թեկնածուների աշխատանքներ, համոզված եմ՝ կրկնություններ, «արտագրություններ» կլինեն, հատկապես տեսության ոլորտում։ Միգուցե փորձագետներին դիմեն, ոչ թե Ազգային ժողովի երեկվա, շատ կներեք, երեխաները որոշեն՝ ես արտագրել եմ կամ չեմ արտագրել»,– ասաց Վերաքննիչի դատավորը։
Խոսելով ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում գրագողության փաստը քննարկելու նախաձեռնության մասին, Ազարյանը նշեց, որ սա իր դեմ իրականացվող ակցիա է. «Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ բոլոր օղակներին հստակ ցուցում է տրված իմ դեմ աշխատել»,- նշեց նա։
Մինչ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում կքննարկվի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հարցը, համացանցում հաջակցություն վերջինիս ակցիա է սկսել տարբեր մասնագետների կողմից, ովքեր գտնում են, որ դատավորը թիրախավորվել է իշխանության կողմից և փորձում է արվում վարկաբեկել նրան:
Հիշեցնենք, օրեր առաջ էլ դատավորը հետաքրքիր գրառում էր կատարել. «Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»: