6 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել ցավը սեռական ակտի ժամանակ
ՖՈՏՈՎիճակագրական տվյալներով՝ սեռական ակտից հետո կամ դրա ընթացքում ցավոտ զգացողություններն ի հայտ են գալիս կանանց 20%-ի մոտ, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Ամերիկացի սեքսապաթոլոգ Լորի Ուոթսոնն առանձնացրել է այդ պատճառներից մի քանիսը, որոնք առավել հաճախ են հանդիպում:
Մասնագետի խոսքով՝ սեռական ակտից հետո ցավոտ զգացողությունների հիմնական պատճառներից մեկը կնոջ բավականաչափ գրգռված չլինելն է: Բանն այն է, որ սեռական գրգռման դեպքում կնոջ արտաքին սեռական օրգաններն ուռչում են, իսկ հեշտոցը բնական քսուք է արտազատում, ինչը պաշտպանում է տհաճ զգացողություններից: Այս բնական պաշտպանական մեխանիզմների բացակայության դեպքում հեշտոցի հյուսվածքները չորանում են, ինչն էլ դառնում է տհաճ շփման և անգամ պատռվածքների պատճառ:
Ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել նաև անցանկալի հիշողություններով: Եթե սեռական ակտը տհաճ հիշողություններ է առաջացնում, կինը կարող է անգիտակցաբար կծկել փոքր կոնքի մկանները, ինչի հետևանքով էլ ցավոտ զգացողություններ են առաջանում: Բացի այդ, բավական հաճախ ցավի ու տհաճ զգացողությունների պատճառ է դառնում նաև առնանդամի մեծ չափը:
Սեռական ակտից հետո ի հայտ եկող ցավոտ զգացողությունների մյուս տարածված պատճառն էստրոգեն հորմոնի մակարդակի նվազումն է, ինչի հետևանքով հեշտոցային հյուսվածքները բարակում են: Նման դեպքերում զույգերը հաճախ դադարում են սեքսով զբաղվել, մինչդեռ հազվադեպ սեռական ակտերը հանգեցնում են հեշտոցի ապաճման:
Ցավի պատճառ կարող է դառնալ նաև վեստիբուլիտը, որը բնորոշվում է հեշտոցի առջևի հատվածի զարգացող բորբոքային գործընթացով: Վեցերորդ տարածված պատճառը, մասնագետի խոսքով, վագինիզմն է, որի դեպքում կինն ինքնաբերաբար կծկում է հեշտոցի մկանները: Այս խանգարման դեպքում կինը վախենում է ոչ միայն սեռական ակտից, այլև գինեկոլոգիական ստուգումներից և հիգիենիկ տամպոնների գործածությունից: