ՀՀԿ-ին դատի են տվել՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար. «ՀԺ»
ԻՐԱՎՈՒՆՔԿոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ որպես հետեւանք՝ փոխհատուցել պայմանագրի այդ ժամանակ՝ 2001 թվականի հուլիս ամսին գործող շուկայական արժեքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանի ժառանգների՝ Յուրի Պոպովի եւ Նունե Սողոմոնյանի փաստաբան Սոֆիյա Տոնոյանը:
Տոնոյանը պատմեց, որ 20-րդ դարի սկզբին Երեւան քաղաքում գործում էր կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանն էր։ Ձեռնարկությունը, ինչպես նաեւ Սողոմոնյանի տունը գտնվում էր Երեւան քաղաքի կենտրոնում` նախկին Դոկտորսկայա հասցեով, այժմյան Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։ 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը եւ ողջ ունեցվածքը ազգայնացվեցին։ Սողոմոնյան ընտանիքին մնաց 15-16 սենյակից միայն մեկը։ Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչեւ 1925 թվականը Համբարձում Սողոմոնյանը եղել է «Արարատ» տրեստի կոնյակագործ։ Նույն թվականին, չդիմանալով ձեռնարկության եւ ունեցվածքի կորստին, Սողոմոնյանը 54 տարեկանում վաղաժամ մահացել է սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (մինչ այդ կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։
«Խորհրդային տարիներին Սողոմոնյանների տան կիսանկուղային հարկում տեղակայված էր տպարան, իսկ բնակարանային հատվածում գտնվում էր առողջարանային կառավարումը (курортное управление): Այդ տարիներին շենքը գրանցվեց որպես մշակութային եւ ճարտարապետական արժեք ունեցող շենք: Խորհրդային միության փլուզումից հետո Սողոմոնյանի թոռները փորձեցին վերադարձնել Սողոմոնյաննների ազգայնացված ունեցվածքը։ Այդ թվերին նման փորձ դեռ չկար։ Քանի որ տունը ոչ ոքի բալանսի վրա չէր, ժառանգները փորձեցին վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք դատական կարգով տպագրատան հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին տարածքի վարձակալության մասին։ Դրանից հետո շենքի բնակելի հատվածը զբաղեցրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ շենքը ապամոնտաժվեց եւ տեղափոխվեց Մելիք-Ադամյան 2 հասցե, որտեղ այժմ տեղակայված է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը»,- նշում է փաստաբանը։
Տոնոյանի խոսքով՝ 1999 թվականին Համբարձում Սողոմոնյանի թոռը՝ Յ. Պոպովը, կարողացավ հասնել նրան, որ տան վրա տեղադրեն Համբարձում Սողոմոնյանի անունով հուշատախտակը։ 2001 թվականին ՀՀԿ-ն` լինելով իշխող կուսակցություն, ստեղծեց այնպիսի պայմաններ, որ ժառանգները ստիպված եղան վաճառել սեփականությունը շուկայական գներից բավականին ցածր գնով։
«Արդյո՞ք 5 մլն 500 հազար դրամը 460 քառակուսի մետրի արժեքն է: Յուրի Պոպովի սեփականության իրավունքը, որպես ժառանգի ճանաչել են դատական կարգով: Գործողությունն այնպես արագ է կատարվել, որ վերջինս չի կարողացել դրա մասին հայտնել մյուս ժառանգին՝ Նունե Սողոմոնյանին:
Ամեն ինչ շատ արագ՝ «ափալ-թափալ» կատարված գործարքի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Յուրի Պոպովի սեփականության իրավունքը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրում գրանցվել է 18.07.2001 թվականին, իսկ դիմումը՝ ուղղված ՀՀ ԿԱ ԱԳԿ-ի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը, վաճառքի համար տեղեկանք տալը թվագրվել է 16.07.2001 թվականին, այսինքն, կադաստրը մինչեւ անձի իրավունքը գրանցելը դիմում է ընդունել դրա վաճառքի մասին եւ կադաստրի մոտ կասկածելի չի համարվել, որ մարդը դեռ չունի սեփականության իրավունք գույքի նկատմամբ արդեն ցանկանում է այն վաճառել: Ընդ որում, կադաստրը ոչ միայն ընդունել է այդ կասկածելի դիմումը, այլ նույն օրը մակագրել է կատարման:
18.07.2001 թվականին կադաստրը տրամադրել է ե՛ւ սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ե՛ւ արգելանքի տակ չլինելու վերաբերյալ տեղեկանքը, որից հետո, հաջորդ օրը՝ 19.07.2001 թվականին, առուծախն է վավերացվել նոտարական գրասենյակում, ընդ որում՝ առուծախի պայմանագրից բացակայում է տարածքը սեփականաության իրավունքով Յ. Պոպովին պատկանելու վերաբերյալ վկայականի ամսաթիվը, գրանցման համարը եւ այլ վավերապայմաններ, որոնք, կարծում եմ, պարտադիր էին:
Պոպովն այն ժամանակ հայտնել էր, թե իրեն ոչինչ չեն ասել կուսակցությունից, երբ գնացել են նոտարական գրասենյակ, մեքենայով տարել են, ստորագրել են տվել եւ հետո վերադարձել է տուն: Մինչեւ սեփականության իրավունքի գրանցումը մարդը հո չի՞ մտածում այն վաճառելու մասին, կադաստրի թղթաբանությունից պարզ է դառնում, որ մինչեւ սեփականության իրավունքի գրանցումն արդեն տեղեկանք էին վերցրել արգելանքի մասին, որպեսզի առք ու վաճառք իրականացնեն: Պոպովին ասել են՝ քո սեփականության իրավունքը կգրանցվի պայմանով, որպեսզի այն վաճառես մեզ: Ըստ Պոպովի՝ իրեն ասել են՝ կամ այսքանը, կամ՝ ոչինչ»,- պատմեց Տոնոյանը:
Տոնոյանը նշեց, որ գործարքը կնքվել է ՀՀԿ-ի լիազորված անձի հետ՝ Արմեն Հրանտի Ազատյանի անուն-ազգանունով:
«2001 թվականի հուլիսի 19-ին կնքված գործարքի համաձայն՝ ՀՀԿ-ն գնել է այդ շենքը 5 մլն 500 հազար դրամով: Հետագայում՝ 2002 թվականի հունվարին, հիշյալ հասցեն իրացվել է եւ որպես փոխհատուցում տարածքի իրացման դիմաց պետությունը ՀՀԿ-ին հատկացրել է 193 հազար 154 դոլար գումար, ինչը, ըստ էության, կարող էր ստանալ Յ. Պոպովը եւ մյուս ժառանգը՝ Ն. Սողոմոնյանը: Այսինքն, ՀՀԿ-ն ամիսներ առաջ գնում է 5.500.000 դրամով, որը հետագայում «վերավաճառում է» Հայաստանի Հանրապետությանը մի քանի անգամ ավել գնով:
Պետության անունից պայմանագիրը ստորագրել է այն ժամանակ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը: Հիմա այն նորից ՀՀԿ-ի սեփականությունն է համարվում...: Դա եղել է մոլորության, խաբեության եւ այլ ազդեցությունների ներքո կնքված գործարք, բայց ոչ երբեք ազատ կամքի արտահայտության դրսեւորմամբ կնքված առուվաճառքի պայմանագիր:
Երբեւէ որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ մարդը 460 քառակուսի մետր մակերեսով տարածքը Հին Էրիվանի հարեւանությամբ, Կենտրոնի սրտում՝ Օպերայի անմիջապես դիմացի մայթին, կարող էր ցանկանալ հապշտապ վաճառել 5 մլն 500 հազար դրամով:
Իսկ եթե այն մի 5 ամիս հետո պետք է իրացվեր եւ փոխհատուցում առաջարկվեր ՀՀԿ-ին 193 հազար 154 դոլար գումարը, ապա այդ նույն գումարը կարող էր առաջարկվել նաեւ սեփականատերերին, մանավանդ որ գործարքի ժամանակ որոշումներն արդեն ընդունվել էին եւ նշված տարածքն արդեն ընդգրկված էր իրացման գոտում»:
Փաստաբանը նշում է, որ Սողոմոնյանի ժառանգորդներն իրեն դիմել են հեղափոխությունից առաջ. «Ասացի՝ կարող ենք գնալ մինչեւ եվրոդատարան, քանի որ եվրոդատարանն ունի իրացման գոտու հետ կապված մի քանի վճիռներ, որոնք կարող են օգնել մեզ: Բայց քանի որ Հայաստանում հեղափոխություն եղավ, որոշեցինք հայց ներկայացնել: Ես փաստաթղթեր ձեռք բերեցի քաղաքապետարանից, կադաստրից եւ տեղեկացա, որ սա նաեւ պատմամշակութային հուշարձան է եղել, մրցանակներ է ստացել: Գիրք կա, որտեղ Սողոմոնյանի անունը կա նշված, որպես այդ ժամանակաշրջանում ձեռնարկատիրությամբ զբաղվող հայտնի կոնյակագործ»:
Փաստաբանը նշեց, որ գործը նախապատրաստական փուլում է, սեպտեմբերի 13-ին նիստ է նշանակվել, այն նախագահում է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը: Տոնոյանը նշեց, որ իր վստահորդները փոխհատուցում են պահանջում եւ ակնկալում են, որ խնդիրն արդարացի լուծում կստանա:
Աղբյուրը` «Հայկական ժամանակ»