Դանակահարություն Զարթոնքում. տուժածը պնդում էր, թե խոտ հնձելիս ընկել է գերանդու վրա
ԻՐԱՎՈՒՆՔՀուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ վերին վերջույթի դաստակի ափային մակերեսի կտրած վերք՝ 15 սմ, ձախ վերին վերջույթի նախաբազկի դրսային մակերեսի կտրած պատռված վերք՝ 10 սմ եւ դաստակի դրսային մակերեսի կտրած պատռված վերք 5 սմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց դաշտում խոտ հնձելու ժամանակ պատահաբար գերանդու վրա ընկնելու հետեւանքով:
Մեծամորի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, Եղեգնուտ գյուղի 37-ամյա մի բնակիչ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ հուլիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 2-3 անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր: