Հայ առաքելական եկեղեցին այս տարի Վարդավառը տոնելու է հուլիսի 28-ին
ՄՇԱԿՈՒՅԹՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանի խոսքով՝ հուլիսի 27-ի երեկոյան ժամը 18:00-ից Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից Վարդավառի նախատոնական երթ է անցկացվելու: Նախատեսվում է մեծ տոնախմբություն, բեմականացում` որում ներկայացվելու է Նոյ նահապետի կերպարը, միմյանց վրա ջուր լցնելու, աղավնիներ բաց թողնելու տեսարաններ:
Հուլիսի 28-ին ժամը 13:00-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, որին հաջորդելու է ջրախաղերի անցկացումը գրեթե բոլոր եկեղեցիների բակերում:
Նա ընդգծեց, որ նույն օրը համայնքային խոշոր միջոցառում է անցկացվելու Վեդիում: «Իրականացվելու է տոնախմբություն, հյուրասիրություն, ջրախաղեր և այլ նախաձեռնություններ»,-նշեց Անդրեասյանն ու կարևորեց Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի է ունենալու հուլիսի 28-ին:
Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, հետևել նրա պատվիրաններին և իրականացնել Աստծո կամքը:
Ժողովրդի շրջանում տոնն առավել հայտնի է «Վարդավառ» անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով: Ինչպես օրինակ՝ Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ):
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:
Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական», դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:
Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդները, առուների եզրին կամ աղբյուրների մոտ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր են ցողում միմյանց վրա:
Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն է` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: